Կոպիրկին․ ՀՀ-ն մնում է մեր առանցքային գործընկերը, որի վրա կարող ենք հույս դնել ամենադժվարին իրավիճակներում
Հայ-ռուսական հարաբերությունների համար տարին ավարտվում է լավ նոտայով։ Այն կարևորվեց տարբեր ոլորտներում մեր հարաբերությունների և առաջին հերթին քաղաքական երկխոսության շատ ինտեսնիվ զարգացմամբ։ Այս մասին այսօր իր տարեվերջյան ասուլիսում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, նշելով, որ տարվա ընթացքում ՀՀ են այցելել ՌԴ նախագահը, վարչապետը, նախարարներ և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ։
«Սա, իհարկե, խոսում է այն մասին, որ մենք քննարկելու հարցեր ունենք, մեր հարաբերությունները զարգանում են տարբեր ոլորտներում, մեզ միավորում են մի շարք կարևոր ընդհանուր հետաքրքրություններ: Եվ ամենակարևորն այն է, որ երկու կողմից կա քաղաքական կամք՝ պահելու և բարձրացնելու մեր դաշնակցային հարաբերությունները», - ասաց Կոպիրկինը:
Դեսպանը հարաբերությունների ամրապնդման համար կարևորեց ընդհանուր ինտեգրացիոն կառույցներում աշխատանքը՝ ԵԱՏՄ-ում, ՀԱՊԿ-ում, ԱՊՀ-ում։
Դեսպանը նշեց, որ ՌԴ-ն բարձր է գնահատում ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության արդյունքները, քայլեր են արվել ԵԱՏՄ-ի միջազգային պրեստիժի բարձրացման համար։
«Համանման մոտեցում Հայաստանը ցուցաբերեց ՀԱՊԿ-ում։ Կարծում եմ, օգտակար էր ՀՀ իշխանությունների պատրաստակամությունը ՀԱՊԿ շրջանակներում ներկայացնել նաև խնդրահարույց հարցերը։ Հենց դրանց քննարկումը ուղին է, որ բարձրանա ՀԱՊԿ-ի որակը, արդյունավետությունը։ Այս նպատակին հասնելուն կնպաստի նաև ՌԴ-ի նախագահությունն այս կազմակերպությունում»,-ասաց դեսպան Կոպիրկինը։
Դեսպանը կարևորեց նաև միջազգային հարթակներում համագործակցությունը՝ ԵԽ, ՄԱԿ, ԵԱՀԿ։
«Մեզ համար սկզբունքային հարցում քվեարկությունների արդյունքները վկայում են, որ ՀՀ-ն նմում է մեր առանցքային, հուսալի գործընկերը, որի վրա մենք կարող ենք հույս դնել ամենադժվարին իրավիճակներում»,-ասաց դեսպանը։