Մի գնեք այդ չարաբաստիկ պայթուցիկները. վիրաբույժ
Չնայած նախազգուշացումներին, ամեն տարի տոների ժամանակ պայթուցիկների և հրավառության համար նախատեսված նյութերի հետ անվտանգության կանոնները չպահպանելու հետևանքով տասնյակից ավելի դժբախտ դեպքեր են գրանցվում: Շատերը, այդ թվում՝ անչափահասները, փորձում են ճայթուկների ու հրավառությունների միջոցով տոնական տրամադրություն ապահովել, մինչդեռ երբեմն հակառակ արդյունքն է լինում։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբույժ Արթուր Հարությունյանը հորդորում է ծնողներին՝ Ամանորին ընդառաջ հնարավորինս զերծ պահել երեխաներին պայթուցիկների հետ շփումից:
Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում վիրաբույժն ասում է, որ ամեն տարի դեկտեմբերի 20-ից սկսած պայթուցիկների պատճառով լուրջ վնասվածքներով դեպքեր են ունենում, սակայն այս անգամ առաջին դեպքը գրանցվել է ավելի շուտ՝ դեկտեմբերի 2-ին։ Տուժածը 10-ամյա Գարուշն էր, որ դպրոցից տուն վերադառնալիս պայթուցիկ է գնել, բերել տուն ու հենց տանն էլ վառել այն։ Պայթուցիկը տրաքել է հենց ձեռքի մեջ, վնասել նրա աջ ձեռքի երեք մատները. բութն ու ցուցամատն ամպուտացրել են, միջնամատը հաջողվել է փրկել։
Վիրաբույժի խոսքով՝ ցանկացած պայթուցիկ վտանգավոր է, առավել վտանգավոր է, երբ այն անորակ է և չեն պահպանվում անվտանգության կանոնները, հաճախ այն ձեռքին պահած են վառում, ինչն էլ անդառնալի հետևանքներ է ունենում։
«Երեխաների մոտ միշտ վնասվածքն ավելի մեծ է լինում, քանի որ նրանց ձեռքը փոքր է, նուրբ ու փխրուն, ոսկորերն էլ ամուր չեն, իսկ մեծահասակների մոտ հնարավոր է լուրջ վնասվածք չլինի, իսկ նույն պայթուցիկից երեխան կարող է կորցնել մատները»,- ասում է Արթուր Հարությունյանը։
Վիրաբույժը խոստովանում է՝ Ամանորի գիշերը երբեք ալկոհոլ չի օգտագործում, քանի որ ամեն վայրկյան կարող է հիվանդանոցից կկանչեն. «Ամեն տարի ամանորն անցկացնում ենք հիվանդանոցում։ Տարիներ առաջ դեկտեմբերի 31-ի գիշերը գնացել ենք հիվանդանոց, իսկ տուն վերադարձել միայն հունվարի 2-ին։ Այդ ժամանակ երկու օրում 7 դեպք են ունեցել»։
Արթուր Հարությունյանի խոսքով՝ վերջին տարիներին հաճախ են պայթուցիկների վտանգավորության մասին բարձրաձայնում, դա որոշ չափով դրական ազդեցություն է ունեցել, սակայն ոչ բոլորն են գիտակցում, թե դա ինչ սարսափելի հետևանքեր կարող է ունենալ։ Առավել ցավալի է, ըստ նրա, որ այդ պայթուցիկները երեխաների համար մեծահասակներն են գնում։
Աշխատանքային գործունեության ընթացքում նման դեպքերի ականատես եղած վիրաբույժը պատմում է երկու տարի առաջ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված մի աղջկա մասին, որը տուժել էր «սալյուտի» հետ սխալ վարվելու հետևանքով առաջացած պայթյունից. «Այդ «սայլուտը» եղել է հոր և երկու երեխաների ձեռքին։ Երեքն էլ լուրջ վնասվածքներ էին ստացել»։
Արթուր Հարությունյանը նշում է, որ 2018 թ-ի դեկտեմբերին և 2019թ-ի հունվարին իրենց հիվանդանոցում գրանցվել է մոտ մեկ տասնյակ դեպք, որից 4-ը լուրջ վնասվածքներով։ Սակայն, ըստ վիրաբույժի, այդքան տուժած միայն իրենց հիվանդանոց է տեղափոխվել, մինչդեռ ամեն տարի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրը ևս տուժածների պակաս չի ունենում։ Նրա խոսքով՝ լինում են նաև այնպիսի վնասվածքներ, որ տուժածներն օգնություն են ստանում ակնաբուժական կլինիկաներում ու Այրվածքաբանության ինստիտուտում։
Վիրաբույժը հորդորում է ծնողներին՝ տուրք չտալ երեխաների ցանկություններին, չգնել այդ չարաբաստիկ պայթուցիկները, ավելին, երեխաներին ամեն օր հիշեցնել դրանց վտանգների մասին։
Հարակից հրապարակումներ`
- «Խնդրում եմ, երեխաների համար մի՛ գնեք այդ մահաբեր պայթուցիկները». միկրովիրաբույժ
- Միկրովիրաբույժի սահմռկեցուցիչ լուսանկարները՝ պայթուցիկներից զգուշանալու կոչ
- Միկրովիրաբույժը հորդորում է Ամանորին երեխաներին հեռու պահել պայթուցիկներից, հրավառության համար նախատեսված նյութերից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան