Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը Հայկ Մարությանի նկատմամբ վարույթ է հարուցել
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը որոշում է կայացրել Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հիմքով հարուցել վարույթ։
Դեկտեմբերի 9-ին հարուցված վարույթի շրջանակում այժմ ուսումնասիրություններ են իրականացվում։
«Մենք ունենք օրենքով սահմանված 90-օրյա ժամկետ, բայց կարծում եմ այդքան երկար չի տևի։ Ուղղակի կապված տարեվերջյան այլ հրատապ գործերի ու առաջնահերթությունների հետ, մի փոքր ուշանում է, փաստաթղթերը մենք հավաքել ենք, բայց կողմին լսելու առնչությամբ կհետաձգվի, երևի հունվարին կիրականացվի»,-Panorama.am-ի հետ զրույցում ասաց հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։
Վարույթ հարուցելու որոշման մասին ծանուցում ուղարկվել է նաև Երևանի քաղաքապետին։
Հանձնաժողովի որոշման համար հիմք են հանդիսացել այս տարի դեկտեմբերի 5-ին մամուլում եղած հրապարակումները։ Հղում կատարելով «ժողովուրդ» օրաթերթին՝ ԶԼՄ-ները հրապարակել են «Հայկ Մարությանը շուրջ 1 տարի օրենք է խախտել», «Հայկ Մարությանն ու «Երկուս ու կես»-ը. քաղաքապետի օրինախախտումը բացահայտված է» և այլ վերնագրերով հոդվածներ՝ մասնավորապես նշելով, որ Հայկ Մարությանը իր պաշտոնավարմանը զուգահեռ նաև «Երկուս ու կես» ՍՊԸ-ի տնօրենն է, և 2018-ի հոկտեմբերի 13-ին պաշտոնը ստանձնած Մարությանը զուգահեռ տնօրինել է իր ՍՊԸ-ն:
Համաձայն «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի` 31-րդ հոդվածի 1-ին մասի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձինք և հանրային ծառայողները չեն կարող զբաղեցնել իրենց կարգավիճակով չպայմանավորված պաշտոն պետական կամ տեղական ինքնակառավարման այլ մարմիններում, որևէ պաշտոն առեւտրային կազմակերպություններում, զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ, կատարել վճարովի այլ աշխատանք, բացի գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքից։
Հանձնաժողովը գտել է, որ Հայկ Մարությանի արարքում առկա են անհամատեղելիության պահանջների առերևույթ խախտման հատկանիշներ։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան