Վարագյան. Հայտնի չէ՝ ինչո՞ւ են ԵՊՀ ՈՒԽ նախագահին բերման ենթարկել
«Ցավալիորեն ԵՊՀ-ից ուսանողական խորհրդի նախագահին առանց ծանուցագրի, առանց որևէ հիմքի ձեռնաշղթաներով բերման են ենթարկում»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանը։
Նրա խոսքով, արդեն ամեն ինչ կարելի է սպասել այս իշխանություններից. «Որևէ հիմք չեն ներկայացրել, 10 ոստիկաններ եկել են, և բերման են ենթարկել ոստիկանության Կենտրոն-Նորք Մարաշ բաժանմունք»։
Վարագյանը նշում է, որ ԵՊՀ-ում հարյուրավոր դեպքեր կարող են լինել, բայց դեռ հայտնի չէ՝ ինչու են ԵՊՀ ՈՒԽ նախագահին բերման ենթարկել։ Նա որևէ ենթադրություն չունի, թե որ միջադեպի հետ կարող է կապ ունենալ Դավիթ Ափոյանը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ, ԵՊՀ Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի տնօրեն Վահագն Վարագյանն իր «ֆեյսբուքյան» էջում գրել էր, որ իշխանությունները ապօրինի բերման են ենթարկել ԵՊՀ ՈՒԽ նախագահին։
Ավելի վաղ ԵՊՀ ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանին ոստիկանության Կենտրոն-Նորք Մարաշ բաժին տանելու մասին ահազանգել էր «Զարգացման կամուրջ» ՀԿ նախագահ Էդուարդ Գալստյանը։