Արմեն Թավադյանը տեղափոխվում է ՁՊՎ
Փաստաբան Հովհաննես Խուդոյանը, ով նաև «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանի պաշտպանն է, լրագրողների հետ զրույցում պարզաբանեց ձերբակալության որոշումն ու հիմքերը:
«Պարոն Թավադյանին բերման են ենթարկել այսօր՝ ժամը14.20-ին, Մաշտոցի պողոտայից: Մինչ այդ որևէ հրավեր չի եղել, այսինքն՝ նրան միանգամից տրվել է կասկածյալի դատավարական կարգավիճակ, այժմ հաստատվել է կասկածը, ձերբակալվել է և հիմա տեղափոխվում է ձերբակալվածների պահման վայր:
Քրեական գործը մի քանի օր առաջվա քրեական գործն է՝ տուժողի հետ ենթադրաբար ճնշում գործադրելու կամ կաշառքի հետ կապված: Մի անձի մեղադրանք առաջադրվել է այդ գործով, պարոն Թավադյանը կասկածելի կարգավիճակ ունի դեռ»,-հայտարարեց փաստաբանը:
Խոսելով ձերբակալման հիմքերից Խուդոյանը մասնավորապես ասաց. «Մեզ համար հիմքերը մինչև հիմա պարզ չեն, քանի որ ձերբակալության արձանագրության մեջ նշված է այլ անձանց գործողություններ: Որևէ տեղ նշված չէ պարոն Թավադյանի կողմից որևէ գործողություն և վերջում այդ անձանց կողմից կարատված գործողությունները վերագրվել են պարոն Թավադյանին: Այսինքն՝ որևէ տրամաբանություն չկա, թե ՀՔԾ-ն ո՞ր գործողություն է համարում ապօրինի:
Եթե ենթադրյալ հանցագործության կատարողը Վարուժան Մկրտչյանն է և որևէ կերպ փորձում են կապել Թավադյանի հետ, ապա տարբերակված մոտեցումները մեզ կրկին կասկածների տեղիք կտան, որ ուղորդված գործընթաց է՝ հենց պարոն Թավադյանի դեմ»:
Հովհաննես Խուդոյանը նաև տեղեկացրեց, որ Թավադյանը ցուցմունք չի տվել և գտնում է, որ որևէ հիմք չկա իրեն այս գործով քրեական հետապնդելու համար: Նրանք այն համոզմանն են, որ Թավադյանի գործը քաղաքական գործունեության հետ է կապված:
Հիշեցնենք, որ «5-րդ ալիքի» սեփականատեր Արմեն Թավադյանին այսօր բերման են ենթարկել հատուկ քննչական ծառայություն։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա ձերբակալվել է:
Նախնական վարկածով՝ Արմեն Թավադյանը ձերբակալվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Վարուժան Մկրտչյանի վերաբերյալ քրեական գործով։
Տեղեկացնենք, որ Մկրտչյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով, այն է՝ «Սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին սուտ ցուցմունք տալու նպատակով կաշառելը, որոնք կատարվել են կազմակերպված խմբի կողմից»:
Թավադյանը ձերբակալվել է նույն քրեական գործի շրջանակներում, նույն հոդվածով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով։
Հարակից հրապարակումներ`
- Թավադյանի ձերբակալումով Փաշինյանը ցանկանում է լռեցնել լրատվամիջոցներին. Արամ Հարությունյան
- Վահե Եփրիկյան. Արմեն Թավադյանին ապօրինի բերման ենթարկելն ամբողջությամբ տեղավորվում է քաղաքական տրամաբանության մեջ
- Արմեն Թավադյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան