ՌԴ դեսպան․ Քայլեր են ձեռնարկվել 102-րդ ռազմաբազայի արդյունավետության, մարտական պատրաստվածության բարձրացման համար
«Քայլեր են ձեռնարկվել Հայաստանում գործող 102-րդ ռազմաբազայի արդյունավետությունը, մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար։ Կան ծրագրեր առաջիկա տարիներին զարգացնել ռազմաբազայի ենթակառուցվածքները, ներառյալ սոցիալական»,-այս մասին այսօր տարեվերջյան մամուլի ասուլիսում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Դեսպանն ընդգծեց, որ համապատասխան աշխատանքները տարվելու են նաև հայկական կապալառուների միջոցով, ինչը նշանակում է նոր աշխատատեղեր։
«Իհարկե, բարեհաջող զարգանում է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը երկրների միջև։ Այն, ինչ արվել է ամբողջությամբ արտացոլում է ռազմատեխնիկական համագործակցության դերը՝ Հայաստանի անվտանգության ամրապնդման, նրա պաշտպանունակության բարձրացման համար»,-ասաց դեսպանը։
Դեսպանը, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի կարգավորմանն ասաց, որ այն եղել ու մնում է ՌԴ արտաքին քաղաքականության առաջնահերթությունը, որը գտնվում է երկրի բարձրագույն ղեկավարության վերահսկողության ներքո։
«Ռուսաստանը միջնորդ է, որը փորձում է հասնել նրան, որ հակամարտությունը լուծվի քաղաքական խաղաղ միջոցներով: Կշարունակենք գործել այսպես նաև հետագայում, ինչպես ԵԱՀԿ Մինսկի խմբի, այնպես էլ մեր ազգային շրջանակներում», - ասաց դեսպանը: