Սուրբ Ծննդյան նախօրեին Վենետիկը կրկին հեղեղվել է ջրով
Սուրբ Ծննդյան նախօրեին Վենետիկը կրկին հեղեղվել է ջրով։ Ինտերֆաքսը գրում է, որ Վենետիկում ջրի մակարդակը նորմայից բարձրացել է 144 սանտիմետրով, ինչի հետևանքով ջրով է ծածկվել փողոցների մեծ մասը, զբոսաշրջիկները և քաղաքի բնակիչները ստիպված են քայլել վերնահարթակներով:
Այնուամենայնիվ, հեղեղումն այնքան լուրջ չի եղել, որքան սպասվում էր, քանի որ փորձագետները կանխատեսել էին, որ ջրի մակարդակը կբարձրանա մինչև 150 սանտիմետր:
Դեկտեմբերի 24-ին սպասվում է, որ ջրի մակարդակը կբարձրանա 135 սմ-ով։ Դեկտեմբերի 25-ին, երբ կաթոլիկները նշում են Սուրբ Ծնունդը, ջրի մակարդակը նույնպես կանխատեսվում է նորմայից բարձր՝ առավելագույնը 115 սմ:
Նշենք, որ նոյեմբերին խոշոր ջրհեղեղ է տեղի ունեցել Վենետիկում: Նոյեմբերի 12-ին Վենետիկում ջրի մակարդակը նորմայից բարձրացել էր 187 սանտիմետրով: