Վիկտոր Սողոմոնյան. Ինձ հայտնի չէ, որ կուսակացություն ստեղծելու որևէ նախագիծ դրված է քննարկման, որին բանտից մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը
«Այս պահին կուսակցություն ստեղծելու որևէ նախագիծ չի քննարկվում»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե Ռ. Քոչարյանը պատրաստվո՞ւմ է կուսակցություն ստեղծել:
Նրա խոսքով, պարզ է, որ քաղաքական կյանքին մասնակցելու հիմնական ձևերից մեկը քաղաքական միավորն է:
«Այսօրվա աշխարհում բազմաթիվ ձևեր կան, բայց կուսակցություն ստեղծել ու դրանով մասնակցել քաղաքական կյանքին, կարծում եմ, շատ տրամաբանական քայլ կլինի: Չբացառելով նման քայլի հավանականությունը՝ այս պահին, համենայն դեպս, ինձ հայտնի չէ, որ կուսակցություն ստեղծելու որևէ նախագիծ դրված է քննարկումների և այդ քննարկումներին բանտից մասնակցում է Ռոբերտ Քոչարյանը», - նշեց Վ. Սողոմոնյանը:
Ինչ վերաբերում է «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի ձերբակալությանը, նա նշեց. «Հնարավոր չէ երկար պահել այս իրավիճակը, ապօրինի կալանքը պետք է դադարեցվի, երկրում վերականգնվի իրավական համակարգը»:
Վ. Սողոմոնյանը նշեց, որ օրեր առաջ, երբ հրապարակվեց լուրն այն մասին, որ Քոչարյանի աջակիցներից մեկը փորձել է ցուցմունք փոխել, արդեն պարզ էր, որ դա ինչ-որ գործողության նախապատրաստություն է. «Օդում կախված լուրեր կային, որ այդ տեսանյութն արվել է նաև պարոն Թավադյանի դեմ: Այսպիսի լուրեր կային, և հիմա պարոն Թավադյանի մասով դա իրականություն դարձավ, նա ձերբակալվեց»:
Խոսելով Ռ. Քոչարյանին աջակցություն հայտնած արվեստի գործիչների մասին, որոնց դրա համար քննադատում են, Վիկտոր Սողոմոնյանն ասաց. «Մշակույթի գործիչների հանդեպ այդ կոշտ արձագանքը պայմանավորված էր բացառապես մեկ բանով՝ իշխանությունն առաջին օրվանից տարածում էր կեղծ մի առասպել առ այն, որ հասարակությունը ցանկանում է, որ ամեն գնով Ռոբերտ Քոչարյանը պատժվի, որ նա ատելի մի անձնավորություն է մեր հասարակության մեջ, և որևէ մեկը պատրաստ չէ նրան պաշտպանել և այդ պատճառով կարելի է նրա հանդեպ հաշվեհարդար տեսնել: Այս 60-ից ավելի մարդկանց միացումն ապացուցեց, որ դա բացառապես կեղծիք է: Նախագահ Քոչարյանը մեծ հեղինակություն ունի հասարակության մեջ, դրա համար իշխանությունները փորձում են ամեն ինչ անել, զանգել են բազմաթիվ մարդկանց, փորձել են ահաբեկել, ֆեյքերի հսկայական բանակը հարձակվել է արվեստի գործիչների վրա՝ ամոթանք տալով նրանց: Արվեստի ու մշակույթի գործիչները սթափ մարդիկ են, գիտեն, որ այդ ֆեյքերի հետևում կանգնած են վարձկանները, որոնք պարզապես այդ գործ անում են»:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ՁՊՎ-ում գտնվող Արմեն Թավադյանին
- Արմեն Թավադյանը տեղափոխվում է ՁՊՎ
- Թավադյանի ձերբակալումով Փաշինյանը ցանկանում է լռեցնել լրատվամիջոցներին. Արամ Հարությունյան
- Ռոբերտ Քոչարյանն ուղերձ է հղել իրեն աջակցություն հայտնած մշակույթի գործիչների
- Լևոն Քոչարյան. Չկա գեթ մի մարդ, որը համաձայնություն չի տվել այդ հայտարարությանը
- Սաթի Սպիվակովան, Ստաս Նամինը, Կարեն Շահնազարովը՝ Ռոբերտ Քոչարյանին աջակցող հայտարարությամբ են հանդես եկել
- Հայկոն, Լուիզա Ղամբարյանը, Արթուր Գրիգորյանը, Կարեն Գևորգյանը և մշակույթի այլ գործիչներ առաջարկում են փոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը
- Ռոբերտ Քոչարյան. Եթե ինձ համարում են վտանգ պետականության համար, ուրեմն մանկուրդների երկիր ենք