«Փաստ». Կենտրոնական բանկի ներսում սպասվում են մեծ տեղաշարժեր
«Փաստ» թերթը գրում է. ««Փաստ»-ի տեղեկություններով՝ Կենտրոնական բանկի ներսում սպասվում են մեծ տեղաշարժեր, որոնք անմիջական ազդեցություն կունենան բանկի ապագա գործունեության վրա։ Ըստ թերթի տեղեկությունների՝ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը բանկի ներսում ստեղծում է գործադիր կոմիտե։
Գործադիր կոմիտեի ստեղծումը միջազգային կառույցների, ինչպես նաև օրենքի պահանջ է և խրախուսվում է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից։ Սա, իհարկե, պաշտոնական վարկածն է։
«Բայց, ըստ ֆինանսական ոլորտում շրջանառվող խոսակցությունների, եկող տարի հուլիսին լրանում է Ջավադյանի պաշտոնավարման երկրորդ ժամկետը, և հեռացող ԿԲ նախագահը, գործադիր կոմիտե ստեղծելով, «ուժեղացնում» է Կենտրոնական բանկում ներկա երիտասարդների թիմը, որը նրա նախագահության տարիներին աճել և բազմաթիվ փորձությունների միջով է անցել։
Այսօր շատերն են արձանագրում, որ ներկայիս ԿԲ-ն գտնվում է պատմականորեն ամենաուժեղ կարգավիճակում թե՛ ֆինանսական կայունության, թե՛ վերահսկողության և թե՛ դրամավարկային գործառույթների իրականացման գործում»-գրել է թերթը»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում