Էրիկ Գրիգորյանը՝ Սևանի, Խոսրովի արգելոցի, Ամուլսարի մասին
Սևանա լճից այս տարի շատ ավելի քիչ ջուր է վերցվել, քան նախատեսված էր հայտով՝ մոտ 143 մլն խմ, որը շատ ավելի ցածր է, քան եղել է վերջին տարիներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ հավելելով, որ նախորդ տարվա համեմատ 56 խմ-ով պակաս է։
Նրա խոսքով` Սևանի մաքրման ուղղությամբ այս տարի բազմաթիվ գործողություններ են իրականացվել։ Ըստ նրա՝ Սևանն ունի 25-30 տարվա մաքրման ցիկլ, և 1-2 տարվա մեջ էական փոփոխություն ակնկալել հնարավոր չէ: «Քայլերը պետք է ճիշտ արվի, այսինքն՝ ճիշտ թիրախները դրվի, դրա համար կարևորում ենք գիտնականների մասնակցությունը»,- ասաց նա։
Անդրադառնալով անտառների վերականգնմանը՝ Էրիկ Գրիգորյանը նշեց, որ Հայաստանի ողջ տարածքում մեկնարկել են անտառապատման և անտառավերականգնման լայնածավալ աշխատանքներ։ Ըստ նրա՝ առաջին անգամ պետական բյուջեից հատկացվել է մոտ 425 մլն դրամ 150 հա տարածքում անտառավերականգնման և անտառապատման աշխատանքներ իրականացնելու համար։
Նախարարը նաև նշեց, որ նախատեսվում է ավելացնել Խոսրովի արգելոցի տարածքը։ Մասնավորապես, ըստ նրա, ուսումնասիրել են Խոսորվի արգելոցի տարածքն ու պարզել, որ դրա սահմանները բավական կտրտված են։ «Կարծում ենք, որ դրանք պետք է ընդգրկվեն Խոսրովի տարածքում, արդեն իրականացվել է գույքագրում, քարտեզագրում և քննարկվում է արգելոցի տարածքի մեծացման հարցը, բայց դա պետք լինի ի հաշիվ այն տարածքների, որոնք կենսաբազմազանության համար կարևոր են, այլ ոչ թե գյուղատնտեսական նշանակության հողերի»,- նշեց նախարարը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և փոխվարչապետ Տիգրան Ավինյանի այն հայտարարությանը, թե Ամուլսարի հանքի բացման դեմ արշավը հովանավորում են հանքարդյունաբերական այլ ընկերություններ, Էրիկ Գրիգորյանը պատասխանեց. «Այո, ես գիտեմ մարդկանց, որոնք աշխատում են ինչ-որ կազմակերպություններում, որոնք ֆինանսավորվել են այլ տնտեսվարողներից»։
Հարցին, թե ի վերջո ինչպես կլուծվի Ամուլսարի հարցը, նախարարն ասաց, որ այս պահին ընթացող գործընթացը քննչականում հարուցված գործն է։
«Քրեական գործ է հարուցվել բնապահպանական տեղեկատվությունը Շրջակա միջավայրի նախարարության՝ նախկին Բնապահպանության նախարարության որոշ պաշտոնատար անձանց կողմից թաքցնելու մասով, և այն մեր 13 կետը, որոնք որ մենք ներկայացրել ենք, հիմնականում քննարկվում է այդ քրեական գործի շրջանակներում։ Բազմիցս առանձին կետերով ներկայացրել եմ, թե ինչ խնդիրներ կարող են առաջանալ, եթե այդ անհամապատասխանությունները ճիշտ են»,- ընդգծեց նախարարը։
Խոսելով իրենց հասցեագրված Թեղուտի հանքավայրի հետ կապված գրությանն էլ, Էրիկ Գրիգորյանն ասաց, որ այդ գրությունը ստացել են և փոխանցել լիազոր մարմնին, քանի որ հարցը բարձրացվում է Թեղուտի պոչամբարի պատվարի հետ կապված և ոչ բնապահպանական ավելի լայն խնդիրների մասով։
«Իսկ բնապահպանական խնդիրների մասով մեր նախարարության աշխատակիցներն այս տարի 10 տարբեր հանքերում գնացել և մոնիթորինգ են իրականացրել, առավել լայն կտրվածքով հաշվետվություն ենք իրականացրել»,- ընդգծեց նա։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան