«Ոսկե հասկ » մրցանակաբաշխության արդյունքները
Հայաստանի ազգային ագրարային համալսարանը դեկտեմբերի 25-ին ամփոփեց ձեռքբերումներով հարուստ 2019 թվականը ավանդական դարձած «Ոսկե հասկ» մրցանակաբաշխությամբ, որն իրականացվում է արդեն 13-րդ անգամ: Այս մասին տեղեկացնում է ՀԱԱՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը:
ՀԱԱՀ-ի ռեկտորատի և ուսանողական խորհրդի կազմակերպած մրցանակաբաշխության նպատակն է գնահատել և խրախուսել տարվա ընթացքում բուհի ուսումնագիտական և հասարակական գործընթացներում մասնակցություն ու ներդրում ունեցած անձանց, կառույցներին:
Ներկայացված էր վեց անվանակարգ։ Տարվա լավագույն ֆակուլտետային ուսանողական խորհուրդ ճանաչվեց Պարենամթերքի տեխնոլոգիաների ֆակուլտետի ՈՒԽ-ն, տարվա լավագույն կուրս՝ Ագրոբիզնեսի և տնտեսագիտության ֆակուլտետի «Ֆինանսների կառավարում» մասնագիտության 5-րդ կուրսը: 2019 թվականի լավագույն ուսանողական նախաձեռնությունն Ագրոնոմիական ֆակուլտետի կազմակերպած Կենսաբազմազանության միջազգային օրվան նվիրված գիտաժողովն է (կազմակերպիչ Զարուհի Հովեյան): «Ուսանողական լավագույն գիտահետազոտական աշխատանք» անվանակարգում «Ոսկե հասկ» մրցանակին արժանացավ Ագրարային ճարտարագիտության ֆակուլտետի ուսանող Արտակ Ղազարյանը, իսկ «Լավագույն երիտասարդ հետազոտող» ճանաչվեց Բուսաբուծության և հողագիտության ամբիոնի դասախոս Սասուն Մամաջանյանը:
ՀԱԱՀ-ի տարվա լավագույն գործընկերը «Սպայկա» ընկերությունն է, որն էլ իր հերթին անակնկալ ուներ համալսարանի համար. ընկերությունում կառուցվում է հատուկ լսարան, որտեղ մեր ուսանողները հնարավորություն կունենան վերապատրաստվելու և ունկնդրելու ագրարային ոլորտի միջազգային անվանի մասնագետների դասախոսությունները:
Համալսարանի ռեկտորատի կողմից երկրի գյուղատնտեսության ոլորտի զարգացման համար ունեցած նշանկալի ավանդի համար հատուկ մրցանակի արժանացավ ՀԱԱՀ-ի Անասնաբուժական բժշկագիտության և անասնաբուծության ֆակուլտետը, որն այս տարի նշեց հիմնադրման 90-ամյակը: Հատուկ մրցանակ շնորհվեց նաև «Ագրոբիզնեսի հետազոտությունների և կրթության միջազգային կենտրոն» (ICARE) հիմնադրամին՝ 2019 թվականի ընթացքում ՀԱԱՀ-ում տեղի ունեցած բարեփոխումներին, ենթակառուցվածքների զարգացմանն ու արդիականացմանն ուղղված ծրագրերին աջակցելու համար:
Ամփոփելով մրցանակաբաշխությունն ու անցնող տարին՝ ռեկտոր Վարդան Ուռուտյանը, ում պաշտոնավարման մեկ տարին լրացավ հենց մրցանակաբաշխության օրը, շնորհավորեց բոլոր մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնեց գործընկերներին և ուսանողներին մեկ տարվա համատեղ արդյունավետ աշխատանքի համար՝ նշելով, որ 2020 թվականը ՀԱԱՀ-ի համար լինելու ավելի հզոր ու ձեռքբերումներով հարուստ տարի:
Միջոցառման տոնական տրամադրությունն ապահովեցին հայկական ժողովրդական և էստրադային երգիչ-երգչուհներ Գոռ Սուջյանը, Լեյլա Սարիբեկյանը, Սոֆի Մխեյանը, Սյուզաննա Մելքոնյանը, Սրբուհի Սարգսյանը և Արսեն Գրիգորյանը: