ՏԻՄ ընտրությունները դարձել են ոչ գրավիչ կանանց համար. Անի Սամսոնյան
Կանանց նկատմամբ բռնության դեպքերի ցուցանիշների մասով որևէ առաջընթաց չեմ նկատել։ Այս մասին այսօր «Կանանց իրավունքները 2019 թ. թերներակայացվածության և բռնության կանխարգելման խնդիրները» թեմայով քննարկման ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը։
Նրա խոսքով՝ տարվա ընթացքում հետևել է նաև իրավապաշտպանների հրապարակումներին, ահազանգներին, սակայն փաստն այն է, որ այս խնդիրը Հայաստանում շարունակում է մնալ։
«Մենք չենք կարողանում մշակել այնպիսի մեխանիզմներ, որ կարողանանք խնդրին տալ ավելի ճկուն լուծումներ»,- նշեց Անի Սամսոնյանը։
Ինչ վերաբերում է տեղական ինքնակառավարման մարմիններում կանանց մասնակցությանը, պատգամավորի գնահատմամբ, այստեղ ևս հետընթաց ենք ապրել։
«Այս տարի մասնակցել եմ սեպտեմբերին 29-ին համայնքներում տեղի ունեցած ընտրությունների նախընտրական քարոզարշավներին և կանանց ներգրավվածության քննարկումներին, և այս հարցով բավական դժվարություններ կային այն առումով, որ ՏԻՄ ընտրությունները դարձել են ոչ գրավիչ կանանց համար, ուստի կանանց մասնակցությունը նվազել է»,- ասաց Անի Սամսոնյանը։
Նրա խոսքով՝ ՏԻՄ ընտրություններում 7 համայնքում առաջադրվել էր 89 թեկածու, որից ընդամենը 12-ն էր կին։
Նույն պատկերը, ըստ Անի Սամսոնյանի, դեկտեմբերին տեղի ունեցած արտահերթ ընտրություններում էր։
«Այս դեպքում առաջադրվել է ավագանու 3 կին թեկնածու, թեև 3-ն էլ ընտրվել են, սակայն սա ցածր, խայտառակ ցուցանիշ է։ Լսելով, շփվելով համայնքներում ապրող կանանց հետ, հասկանալի է դառնում, որ այն դժվարությունները, որոնք իրենք ունեցել են այս տարիների ընթացքում՝ ֆինանսական, կարողությունների զարգացման, ինչպես նաև քաղաքական ուժերի հետ աշխատելու դժվարություններ, դրանք շարունակում են մնալ օրակարգում»,- նշեց պատգամավորը։
Անի Սամսոնյանի խոսքով՝ հեղափոխությունն ինքնին առաջընթաց չի գրանցել. «Այն, որ հեղափոխություն է եղել և քաղաքական համակարգն է փոխվել, դա չի նպաստել, որ ՏԻՄ ընտրություններում կանայք ակտիվ ներգրավվեն։ Եւ սա խոսում է այն մասին, որ մենք համակարգում շարունակում ենք ունենալ խնդիրներ»։