Փաշինյան. Պետք չէ բոլոր հյուրերին ստիպել ուտել 3 օրվա ստալիչինի սալաթը, 4 օրվա բլինչիկը, 15 օրվա խոզի բուդը
Ժամանակակից աշխարհում ծխելուց ոչ պակաս վտանգավոր երևույթ է համարվում սխալ սնվելը, ինչը հատկապես ամանորյա շրջանում խնդիր է։ Կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ մեր սիրելի քաղաքացիներին կոչ անել, ներողություն եմ խնդրում նման իրավունք վերապահելու համար, բայց, կարծում եմ, որ այնուամենայնիվ, պետք չէ բոլոր հյուրերին ստիպել ուտել խոզի բդից, որովհետև սա յուրահատուկ է, հետո սեղանի վրա եղած ամեն ինչից պարտադիր փորձել, ընդ որում՝ վիրավորվելու տրամաբանությամբ, բա այսքանը պատրաստել ենք, որ վերջում փչանա՞: Հարգելի քաղաքացիներ, Հայաստանի քաղաքացիների ուտելու կարողությունները սահմանափակ են և պետք է դա հաշվի առնել»,- նշեց նա։
Կառավարության ղեկավարի խոսքով, ուզում են, որ տնային տնտեսուհիները դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը չանցկացնեն տոլա փաթաթելով և այլ պրոցեսների վրա:
«Տոլման և մնացած ամեն ինչը պետք է ուտել թարմ վիճակում: Չի կարելի մի օրում պատրաստել հինգ օրվա ուտելու համար մթերք, բոլոր դեպքերում վնասակար է, առավել ևս ստիպել քաղաքացիներին դա ուտել… Պիտանելիության ժամկետը… Մենք սուպերմարկետների դեմ կռիվ ենք տալիս, որ ժամկետանց մթերքը քաղաքացիներին չվաճառեն, բայց Նոր տարվան մենք մեր ամենահարազատներին ստիպում ենք ուտել երեք օրվա ստալիչինի սալաթը, չորս օրվա բլինչիկը, 15 օրվա խոզի բուդը: Մի արեք հարգելի քաղաքացիներ, պատրաստեք այնքան, ինչքան ռեալ է ուտել, պետք չէ 31-ի ողջ օրը, տոնն անցկացնել սննդի դեպրեսիվ սեղանների շուրջ»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: