Արա Հակոբյան. Այս տարի բանակցային գործընթացում ունեցանք բացասական հետևանքներ
«Այս տարվա ընթացքում իսկապես փորձել են Արցախը վերադարձնել բանակցային սեղան, սակայն Հայաստան իշխանությունների կողմից այդ փորձերն արվել են այնպես, որ հակառակ արդյունքն է արձանագրվել»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր և խորհրդի անդամ Ավետիք Չալաբյանը:
Նրա խոսքով, Արցախը բանակցային սեղան չի վերադարձել, իսկ այն ձևակերպումները, որոնք օգտագոր]վել են, բերել են նրան, որ Ադրբեջանը վերակենդանացրել է «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը»:
«Կամ մեր իշխանություններն այդ հարցում անկեղծ չէին, կամ էլ բավարար կոմպետենտ չէին միջազգային հարաբերություններում, որպեսզի դա իրականացնեին այնպես, որ տարվա սկզբում ձևակերպված նպատակն իրականության վերածվեր:
Վարչապետն ինքը հայտարարեց, որ տարվա ընթացքում ձեռքբերումները շատ համեստ են, իսկ մենք կարծում ենք, որ ձեռբերումներ չկան: Դա վարչապետի անձնական քաղաքական պատասխանատվությունն է, նա էր իր վրա ստանձնել բանակցությունները շարունակելու քաղաքական պատասխանատվությունը: Կարծում եմ ՝ պետք է ընդունի, որ այս տարվա կտրվածքով որևէ հաջողություն չի արձանագրել»,- ասաց քաղաքական գործիչը:
Ասուլիսին ներկա «Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի նախագահ Արա Հակոբյանի խոսքով, տարվա ընթացքում իշխանության, վարչապետի կողմից Արցախի հակամարտության կարգավորման հետ կապված եղել են բազմաթիվ հակասական ելույթներ, մտքեր:
«Այդ թվում իր դարակազմիկ միտքը՝ երեք համայնքների մասին, բերեց նրան, որ ակտիվացավ ադրբեջանական համայնքի ներկայացվածության և մասնակցության խնդիրը: Ոչ թե Արցախի մասնակցության խնդիրը բանակցություններին, այլ լրիվ հակառակը: Փաստացի երեք ժողովուրդ չկա, կա երկու ժողովուրդ՝ հայ և ադրբեջանից, և կա երեք կողմ: Այս ամենի արդյունքում բանակցային գործընթացում ունեցանք բացասական հետևանքներ, արդյունքում Բրատիսլավայում Ադրբեջանի արտահայտած դիրքորոշումը կարելի է դիտարկել որպես վերջնագիր: Դրան պատասախան ունեցանք արտաքին գործերի նախարարի ելույթը, որն ավելի թույլ ելույթ էր, քան նախկին իշխանությունների վերջին դիրքորոշումները»,-ասաց Ա.Հակոբյանը:
Նա նշեց, որ իրենց համար գերակա է Արցախի միջազգային ճանաչումը, Արցախի անվտանգությունն ու Արցախի տարածքային ամբողջականությունը. «Սրանք են այն հիմնական կետերը, որոնց շուրջ Հայաստանն ու Արցախը պետք է բանակցեն»:
Խոսելով Արցախում առաջիկայում սպասվող նախագահական ընտրությունների մասին, Ա. Հակոբյանն ասաց. «Հույս ունենք, որ Արցախում ընտրությունները տարբեր ազդեցություններից զերծ կմնա: Հույս ունենք՝ ինչպես մինչև հիմա Արցախն ու արցախցիները կարողացել են միաբանված դիրքորոշում հայտնել իրենց ընտրություններում, նույն բանը կատարվելու է հիմա: Հույս ունենք, որ մերժվելու են բոլոր այն քաղաքական գործիչները, որոնք ունեն դրան հակառակ միտումներ կամ ծառայում են դրան հակառակ շահերի»:
Հարակից հրապարակումներ`
- «Իշխանությունը հաճախ է շրջանառության մեջ դնում տերմիններ, որոնք իրականության հետ որևէ աղերս չունեն»
- «Ազգային օրակարգ». Հայաստանի իշխանությունները պետք է դադարեցնեն միակողմանի «խաղաղասիրական» քարոզը
- «Ազգային օրակարգ» կուսակցությունը դիրքավորվում է որպես ընդդիմություն եղած իշխանությանը
- «Ազգային օրակարգ». Արցախցիները հավաստեցին, որ ձևավորել են ժողովրդավարության ու ազատության ճանապարհով զարգացող քաղաքական համակարգ