Արտաքին լուսավորությամբ ապահովվել է նաև սահմանապահ Խաչիկ գյուղը
«Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) իր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ համատեղ շարունակում են Հայաստանի բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը։ Այս անգամ լուսավորվել են Վայոց ձորի մարզի Արենի համայնքի Խաչիկ գյուղի փողոցները` ներառելով 1600մ երկարությամբ տարածք, ինչպես նաև տեղակայվել է 45 LED լուսարձակ:
ՎիվաՍել-ՄՏՍ-ից հայտնում են, որ համայնքային կայուն զարգացման ամենակարևոր նախապայմաններից մեկն էներգախնայող համակարգի ներդրումն է, որը համադրում է բնապահպանական բաղադրիչը և բնական ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:
Էներգախնայող տեխնոլոգիաների ներդրումը ոչ միայն թեթևացնում է համայնքի ֆինանսական բեռը, աշխուժացնում է համայնքային կյանքը և առօրյան, այլև՝ ստեղծում է կայուն և մաքուր շրջակա միջավայր։
Ժամանակակից այս համակարգի գործարկմանը ներկա են գտնվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի գլխավոր ճարտարագետ Մարտին Մարալչանը, Խաչիկ բնակավայրի վարչական ղեկավար Հովիկ Սմբատյանն ու համայնքի բնակիչներ:
«Նոր տարվան ընդառաջ կարևոր ձեռքբերում էր հասցնել լուսավորել ևս մեկ սահմանապահ գյուղ: Պետք է առանձնակի նշեմ, որ այս նախաձեռնությամբ մենք նպաստում ենք ոչ միայն համայնքային ենթակառուցվածքների զարգացմանը, այլև՝ շրջակա միջավայրի և բնության պահպանությանը, քանի որ համայնքը լուսավորող LED լուսարձակները էներգախնայող են և կարող են ծառայել շատ երկար: ՎիվաՍել-ՄՏՍ-ը տարիներ շարունակ իր ուշադրության կենտրոնում է պահում հատկապես սահմանապահ գյուղերի լուսավորության հարցը և դրանով հանդերձ մնում հավատարիմ իր իսկ ստեղծած սոցիալական պատասխանատվության կարևոր արժեքներին», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Ի տարբերություն շիկացման լամպերով աշխատող լուսարձակների՝ բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսարձակները սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և ծառայում են շուրջ 50 անգամ ավելի երկար: Ամռան ամիսներին փողոցը լուսավորված կլինի 21:00-ից մինչև 02:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00-ը, իսկ տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:
FPWC և հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը չափազանց կարևոր են համարում բնության պահպանության գործում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ ի նպաստ շրջակա միջավայրի պահպանության, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման:
Նախիջևանի սահմանից ոչ հեռու գտնվող Խաչիկ գյուղը ներառված է «Էկո գյուղերի ցանց» ծրագրում: Ծրագրի հիմքում կայուն զարգացման չորս բաղադրիչներն են՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական, և ծրագիրը հնարավորություն է տալիս նմանատիպ համայնքները ներառել համայնքների լուսավորության գործընթացում:
Հարակից հրապարակումներ`
- Սահմանապահ Չինարի գյուղում ներդրվել է արտաքին լուսավորության էներգախնայող համակարգ
- Ծովակ համայնքն ապահովվել է արտաքին լուսավորության համակարգով. ՎիվաՍել-ՄՏՍ
- Սահմանապահ Չինարի գյուղում, մինչև տարեվերջ կներդրվի արտաքին լուսավորության LED համակարգ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ պետք է երիտասարդն իր կյանքը զոհաբերի Եհովայի վկայի համար, ով ասում է՝ զենքը վերցնելը մեղք է