Նախարար. Տարին կամփոփենք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճով
«Տարին փակում ենք բավականին լավ տրամադրությամբ»,- կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ երեկ Ազգային վիճակագրության կոմիտեն հրապարակել է նոյեմբեր ամսվա և 11 ամիսների տնտեսական ցուցանիշներ:
«Պետք է արձանագրել, որ նոյեմբերը տնտեսական հաջողությունների առումով ռեկորդային է 2019 թվականի համար տնտեսական ակտիվության 10,1 տոկոս ցուցանիշով»,- ասաց վարչապետը:
Կառավարության ղեկավարը կարևորեց, որ նոյեմբերին ապրանքների արտահանման 25,7 տոկոսով աճ ունեն, առևտրի շրջանառությունն աճել է 11,9 տոկոսով, ծառայությունների ծավալը՝ 11,9 տոկոսով, շինարարությունը՝ 4,8 տոկոսով: Ն. Փաշինյանի խոսքով, 11 ամիսների արդյունքներով տնտեսական ակտիվության ցուցանիշը 7,5 տոկոս է, արդյունաբերության աճը 9,3 տոկոս, արտահանման աճը 9 տոկոս:
«Սրանք, իսկապես, բավականին լավ ցուցանիշներ են: Ի վերջո արձանագրում ենք, որ այն գաղափարախոսությունը, որ դրել ենք տնտեսական զարգացման հիմքում, ռեալ աշխատում է Հայաստանում»,- ասաց նա:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ դրական զարգացումներ ունեն ապրանքների արտահանման որոշ խմբերում. 11 ամիսներին կոնյակի արտահանումն աճել է 27 տոկոսով, գինիների արտահանումը՝ 50 տոկոսով:
«Սա նոր զարգացում է մեր տնտեսության մեջ: Նախորդ երկու տարիներին որոշ զարգացման միտումներ արդեն նկատելի էին, բայց այս տարվա 11 ամիսներին 24 միլիոն դոլար ընդհանուր արժեքով գինիների արտահանում է արձանագրվել, 50 տոկոսով ավելի է նախորդ տարվա ցուցանիշից: Հատկապես հատկանշական է, որ մրգային գինիների արտահանումն աճել է 75 տոկոսով»,- ասաց նախարարը:
Տ. Խաչատրյանի խոսքով, բուսական ծագման արտադրանքի արտահանման աճը 18,5 տոկոս է, հիմնականում ջերմատնային պայմաններում աճած կուլտուրաներն են, մեծ աճ ունեն վարունգի և ելակի արտահանման ուղղությամբ: Այս տարվա ընթացքում շոկոլադի արտադարանքի արտահանումն աճել է 15 տոկոսով, ինչը նոր զարգացում է տնտեսության մեջ:
«Այս ցուցանիշները նշանակում է, որ, կարծում եմ, տարին կամփոփենք առնվազն 7,5 տոկոս տնտեսական աճով, տարեկան արտահանումը տարեկան կլինի առնվազն 10 տոկոս»,- ասաց Տիգրան Խաչատրյանը:
Հարակից հրապարակումներ`
- Տնտեսական ակտիվության ցուցանիշը հունվար-նոյեմբերին աճել է 7.5%-ով
- Շանսեր չեմ տեսնում, որ 2020-2021 թթ-ին տնտեսության վիճակն աստիճանաբար կլավանա. Բագրատյան
- Տնտեսական հեղափոխությունն արդեն տեղի ունեցել է. էկոնոմիկայի նախարար
- Այս բյուջեն չունի հնարավորություն՝ կատարելու տնտեսական հեղափոխություն. պատգամավոր