«Վատ եմ վերաբերում». ԳՇ պետը՝ Հայկ Սարգսյանի ներկայացրած նախագծի մասին
«Մի խոսքով՝ վատ»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ ներկայացնելով իր վերաբերմունքը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի ներկայացրած օրենքի «Արագացված ծառայության» նախագծին։
Դավթյանը նշեց՝ ինչպես պետք է նման նախագիծը մեկնաբանի զինված ուժերի ԳՇ պետը, եթե առաջարկվում է գումարով պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել։
«Շատերն իրենց տներն էլ կծախեն, էդ 10 միլիոնը կտան, այլ բան, եթե 100 միլիոնի մասին խոսեին։ Միգուցե էդտեղ մտածելու դաշտ ունենային, տենային՝ քանի հոգի 100 մլն կտար բանակից ազատվելու համար։ Իսկ էս հարցը ես գտնում եմ, որ ընդհանրապես քննարկելու չի, նաև բարոյական տեսակետից»,- նշեց Դավթյանը։
ԳՇ պետի խոսքով, այլ հարց է, եթե քննարկվեր մարդկանց հարցը, ովքեր ոչ թե պետք է ծառայեն, այլ չպետք է ծառայեն՝ այս կամ այն պատճառով. «Ինձ համար առաջնային է, որպեսզի զորքը ես համալրեմ, և որ բոլորը հավասար ծառայեն։ Դա բարոյական առումով բոլորի վրա ազդում է։ Էստեղ 1-2 հոգու ծառայել-չծառայելու խնդիրը չէ։ Եթե 20 հոգի չծառայեց, դա ոչինչ չի փոխում, բայց եթե ասվի, որ 20 հոգի գումարի պատճառով չի ծառայել, չի լինի»։
Դավթյանը նշում է, որ հայ ազգը առանձնահատկություն ունի, եթե բոլորը մի բանը կատարում են, լավ են կատարում, իսկ եթե հարևանը դա չի անում, ինքն էլ կարող է չանել։
«Էնպես որ ես ասացի, վատ եմ վերաբերում էդ նախագծին։ Մենք հլը չենք հասունացել նման գաղափարներ քննարկելու համար անգամ»,- նշեց Արտակ Դավթյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան