«Բոլոր այս հաղթանակները և գոհացուցիչ են, և պարտավորեցնող». Արցախի նախագահը հանձնել է վկայականներ
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 26-ին տեղի է ունեցել 2019 թվականին միջազգային եւ հայրենական հարթակներում բարձր արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների ու մարզիչներիպարգեւատրման հանդիսավոր արարողություն:Այս մասին տեղեկանում ենք Արցախի նախագահի պաշտոնական կայք էջից:
Իր ելույթում Նախագահ Սահակյանը նշել է, որ 2019 թվականին Արցախի մարզիկները լուրջ հաջողությունների են հասել՝ դառնալով աշխարհի, Եվրոպայի եւ Հայաստանի Հանրապետության տարբեր առաջնություններում հաղթողներ ու մրցանակակիրներ:
«Բոլոր այս հաղթանակները եւ գոհացուցիչ են, եւ պարտավորեցնող: Գոհացուցիչ են այն առումով, որ հաղթանակները վկայում են մեր երիտասարդների բարձր ֆիզիկական պատրաստվածության, հաղթանակի հասնելու հաստատակամության, ամուր ոգու, նրանց եւ, անկասկած, նրանց մարզիչների քրտնաջան ու արդյունավետ աշխատանքի մասին: Պարտավորեցնող են, որովհետեւ անհրաժեշտ է ոչ միայն պահպանել սահմանված նշաձողը, այլ նաեւ հետեւողականորեն կատարելագործել մասնագիտական վարպետությունը: Համոզված եմ, որ դուք ի վիճակի եք դա անել: Համոզված եմ, որովհետեւ ձեր կողմից գրանցված արդյունքները վկայում են, որ դուք աշխատասեր եք, համառ, երբեւիցե չեք խուսափում դժվարություններից եւ ամենայն պատասխանատվությամբ եք վերաբերվում ձեր առջեւ ծառացած խնդիրների լուծմանը»,- ընդգծել է իր ելույթում Բակո Սահակյանը:
Հանդիսավոր արարողության ժամանակ Նախագահ Սահակյանը Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի զարգացման, մարզական հերթափոխի պատրաստման գործում ունեցած ավանդի համար ոլորտի մի խումբ ներկայացուցիչների հանձնել է ԼՂՀ վաստակավոր մանկավարժի, Ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործչի եւ Վաստակավոր մարզչի կոչումների վկայականները:
Երկրի ղեկավարն ի սրտե շնորհավորել է միջոցառման մասնակիցներին գալիք Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ՝ մաղթելով նրանց քաջառողջություն, երջանկություն ու ամենայն բարիք, մեր հայրենիքին եւ ժողովրդին՝ խաղաղություն ու բարեկեցություն: