Բանակում սպանությունների դեպքերը 0-ի հասցնել այս պահին չենք կարող. Արտակ Դավթյան
«Բանակում սպանությունների և ինքնասպանությունների աճ ունենք»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ անդրադառնալով խաղաղ պայմաններում բանակում գրանցված մահվան դեպքերին։
Արտակ Դավթյանի խոսքով, 2018 թվականի հետ համեմատ զինված ուժերում սպանությունների և ինքնասպանությունների թիվը 2-ով ավելացել է. «2018 թվականին գրանցվել է 12 սպանության և ինքնասպանության դեպք, իսկ 2019-ին՝ 14։ Հակառակորդի կողմից սպանությունների թիվը քչացել է, և ընդհանոր առմամբ, ծառայության հետ կապված դեպքերը նվազել են՝ հասնելով 48%-ի»։
Հակառակորդի կողմից կրակոցները քանակային առումով 1.3 անգամ նվազել են։
«Բայց զոհերի թվաքանակի պակասը ոչ թե կապված է կրակոցների թվաքանակի պակասով, այլ դա արդյունք է այն լայնածավալ աշխատանքների, որ իրականացվեցին։ Առաջին հերթին սպայական աշխատանքներն են զինծառայողների հետ, ինչպես նաև մարտական հերթապահության պայմանների և մարտական պատրաստության բարելավումը»,- նշեց Արտակ Դավթյանը։
Առաջնագծի՝ տեխնիկական միջոցներով հագեցվածությունը, Դավթյանի խոսքով, ևս նպաստում է հակառակորդի կրակոցից զոհերի թվի կրճատմանը. «Ցանկացած դեպքի ժամանակ, որ լինում է, անկախ վերջնական որակավորումից, մենք իրականացնում ենք ծառայողական քննություն։ Եվ այն դեպքերը, որոնք կապված են եղել մեր, սպաների գործունեության հետ, միջոցներ են ձեռնարկվում, որպեսզի դրանք շտկվեն»։
Դավթյանի խոսքով, ցանկացած դեպքի վերաբերյալ զինված ուժերում իրազեկում են, որպեսզի զինծառայողները լսեն և հասկանան, որ կողքի զորամասում նման դեպք է եղել։
«Երբ Դիլիջանում զինծառայողը կախված հայտնաբերվեց, մենք հետևություններ արեցինք, որ ինչ-որ տեղ բաց էր թողնված զինծառայողի հոգեկան աշխարհի ուսումնասիրությունը։ Հետագայում ի հայտ եկան շատ հանգամանքներ՝ եղբայրն է եկել դեպքից առաջ, մայրն է եկել հանդիպել։ Այսինքն՝ զինծառայողների հետ կապված որևէ դեպք մենք չհայտնաբերեցինք։
Մենք եկել ենք համոզման, որ դեպքը կապված չի եղել ծառայության հետ։ Ցավոք, դա որոշ չափով հասարակությունից եկող ազդակ է, որը մենք ունենք նաև հասարակության մեջ, փորձում ենք անել ամեն ինչ, որ էդ դեպքերը հասցնենք նվազագույնի, բայց 0-ի հասցնելն այս պահին, ցավոք սրտի, չենք կարող»,- նշեց Արտակ Դավթյանը։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան