ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը դատապարտում է ՀՀ ոստիկանության գործելաոճը
Երևանի պետական համալսարանի Հոգաբարձուների խորհուրդն անընդունելի է համարում դեկտեմբերի 24-ին ԵՊՀ-ում տեղի ունեցած իրադարձությունը, երբ կենտրոնական մասնաշենքից ձեռնաշղթաներով բերման է ենթարկվել Դավիթ Ափոյանը՝ հարցաքննվելու վկայի կարգավիճակով:
ԵՊՀ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ այսօր տեղի ունեցած Հոգաբարձուների խորհրդի նիստի ժամանակ անդամները միաձայն դատապարտել են ՀՀ ոստիկանության գործողությունը և հանդես եկել միասնական հայտարարությամբ:
«ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդն անընդունելի է համարում սույն թվականի դեկտեմբերի 24-ին ԵՊՀ տարածքում արձանագրված ՀՀ ոստիկանության գործելաոճը: Ոստիկանության ծառայողը պարտավոր է հարգել մարդու ազատությունները, ցուցաբերել զսպվածություն, քաղաքակիրթ, վայելուչ և հարգալից վերաբերմունք քաղաքացիների նկատմամբ, մինչդեռ միջադեպի ընթացքում ԵՊՀ ՈՒԽ նախագահ, Հոգաբարձուների խորհրդի անդամ Դավիթ Ափոյանի նկատմամբ կիրառված միջոցներն ակնհայտորեն ոչ անհրաժեշտ և ոչ չափավոր էին: Կոչ ենք անում հետագայում բացառել ոչ պատշաճ հիմնավորված գործողությունները և պահանջում ենք Ոստիկանության կողմից նշված դեպքի մանրամասն քննություն և համարժեք գնահատական ողջամիտ ժամկետում»,- նշվում է հայտարարության մեջ:
Հարակից հրապարակումներ`
- Նիկոլ Աղբալյան ուսանողական միություն. ԵՊՀ-ում տեղի ունեցածի նպատակը վախի մթնոլորտ ստեղծելն է
- ԵՊՀ ՈւԽ. Ակնկալում ենք պատկան մարմինների մանրամասն և հրապարակային պարզաբանումը
- ԵՊՀ ՈւԽ նախագահը հարցաքննվելու է որպես վկա
- Վարագյան. Հայտնի չէ՝ ինչո՞ւ են ԵՊՀ ՈՒԽ նախագահին բերման ենթարկել
- ԵՊՀ ՈՒԽ նախագահին ոստիկանները տարել են