Սևանա լճում կխստացվեն ապօրինի ձկնորսության դեմ պայքարի միջոցառումները
Գեղարքունիքի մարզպետարանում հրավիրված հանդիպման ժամանակ հրապարակվեց Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության արգելքի հետ կապված միջոցառումների խստացման համատեղ ծրագիրը՝ ձվադրության շրջանում սիգ ձկնատեսակի բնական վերարտադրություն ապահովելու նպատակով: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի կայք էջից:
Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Վարդան Մելիքյանը, , ՀՀ Ոստիկանության պետի խորհրդական Աղասի Կիրակոսյանը, ՀՀ բնապահպանական տեսչական մարմնի ղեկավար Վիգեն Ավետիսյանը, « Սեւան» Ազգային պարկ»-ի տնօրեն Վարդան Վարդանյանը, ՀՀ ՊԵԿ ներկայացուցիչը, ափամերձ համայնքների ղեկավարներ, ձկնորսներ: Հանդիպումը վարեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը:
ՀՀ Շրջակա միջավայրի նախարարի տեղակալը ներկայացրեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ Ոստիկանության, ՀՀ բնապահպանական տեսչական մարմնի, ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի եւ Գեղարքունիքի մարզպետարանի կողմից վավերացված համատեղ միջոցառումների ծրագիրը ՝ կապված Սեւանա լճում ձկնորսության արգելքի միջոցառումների խստացման հետ:
«Այս արգելքի խստացումը սահմանվել է, որպեսզի չվտանգվի սիգ ձկնատեսակի ձվադրության շրջանը, եւ ձկնորսներդ առաջիկա տարիների համար եւս որսի պաշարներ ունենաք: Վաղվանից Սեւանա լճից դուրս են բերվում բոլոր որսացանցերը եւ լողամիջոցները, հսկողություն է սահմանվում լիճ տանող ճանապարհներին, շուկաներում, մայրուղիներում, բնակավայրերում: Մինչեւ 2020 թվականի հունվարի 20-ը ոչ միայն սիգի որսն է արգելվում, այլ նաեւ՝ վաճառքը: Այս տարի առաջին անգամ որսարգելքի միջոցառումներում ընդգրկված են ՊԵԿ-ը եւ բնապահպանական տեսչական մարմինը: Կարծում եմ, որ մենք կաշխատենք փոխըմբռնման եւ փոխհամագործակցության պայմաններում, որպեսզի ոչ մի կերպ Սեւանա լճում չվտանգվի սիգի ձվադրության շրջանը: Օրինախախտման ամեն դեպք ունենալու է իր հետեւանքները, ուստի կոչ ենք անում՝ զերծ մնալ ապօրինի քայլերից եւ հարգել միջոցառումների խստացման բոլոր պահանջները»,-ներկայացրեց Վարդան Մելիքյանը:
Միջոցառումների խստացման եւ ոլորտի կարգավորման հետագա քայլերի մասին խոսեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը: «Մեր միջոցառումերի շրջանակն ընդգրկում է երկու հիմնական ուղղություն: Առաջին ուղղությունը վերաբերում է սիգի ձվադրության շրջանում ձկնորսության արգելքի հետ կապված միջոցառումների խստացմանը, երկրորդ ուղղությունը՝Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության կանոնակարգման եւ ապօրինի ձկնորսությամբ զբաղվողներին օրենքի դաշտ բերելու հետագա քայլերին: Հուսամ, որ բոլորդ ըմբռնումով կմոտենաք խնդրին եւ խստորեն կպահպանեք օրենքի պահանջը: Ինչ վերաբերում է Սեւանա լճում արդյունագործական ձկնորսության կանոնակարգմանը, ապա պետք է ասեմ, որ տեւական քննարկումներից հետո այդ կարգն ընդունվել է կառավարության կողմից:
Պետությունը երկու հիմնական պահանջ է դնում արդյունագործական ձկնորսությամբ զբաղվել ցանկացողների առջեւ . առաջին՝ ձկնորսություն իրականացնել միայն օրենքով սահմանված չափի որսացանցերով եւ երկրորդ՝ ձվադրության շրջանում բացառել որեւէ կարգի ձկնորսություն : Միաժամանակ հորդորում եմ համայնքների ղեկավարներին՝ բացատրական աշխատանք տանել ձկնորսությամբ զբաղվողների հետ եւ անել հնարավորը, որպեսզի միջոցառումների խստացման ծրագիրն անթերի կատարվի»,-շեշտեց Գնել Սանոսյանը: Հանդիպմանը մասնակից ձկնորսները խոստացան սահմանված ժամկետներում ապօրինի ձկնորսություն չիրականացնել եւ ամեն կերպ աջակցել խստացման ռեժիմի պահպանմանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին