Դավիթ Հարությունյան. Առաջարկում են ոչ թե վաղ կենսաթոշակ, այլ կաշառք
«Այսօր ականատես կլինենք հերթական բեմականացման հաջորդ արարի»,- Սահմանադրական դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ այսօր ժամը 10:00-ին ՍԴ-ում հարցաքննվելու է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:
Նրա կարծիքով, այսպես փորձում են Հրայր Թովմասյանին որևէ ձև մեկուսացնել:
«Արդեն ակներև է դառնում, որ մեզ մոտ քրեական գործերի հարուցման նվազագույն պահանջները կտրուկ նվազել են, մեկ անձի ցուցմունքով կարելի է սկսել քրեական հետապնդում, Արա Բաբլոյանի օրինակը վառ օրինակ է:Երկրորդ՝ նպատակ ունի ճնշում գործադրել դատարանի այլ անդամների վրա՝ ստիպելով նրանց ընդունելու այն անպարկեշտ առաջարկությունը, որն արվել է օրենքով»,- ասաց Դ. Հարությունյանը:
Խոսելով ՍԴ դատավորներին վաղաժամ կենսաթոշակի ուղարկելու օրենքի մասին, Դ. Հարությունյանն ասաց. «Առաջարկում են ոչ թե վաղ կենսաթոշակ, այլ կաշառք: Որովհետև այն, ինչ առաջարկվում է, հետևյալն է՝ եթե դու, հարգելի դատավոր, շարունակես քո ծառայությունները մատուցել Հայաստանին և տարիքը կամ ժամկետը լրանալուն պես դիմես կենսաթոշակի, կստանաս անհամեմատ ավելի քիչ, քան եթե այսօր դիմես կենսաթոշակի: Այսինքն, առաջարկվող պայմանը այլևս կամավորության գաղափարին դեմ է: Երկրորդ, աահմանփակված է երկամսյա ժամկետով: Վենետիկի հանձնաժողովը հստակ նշել է, եթե անգամ նման մեխանիզմի մասին խոսք է գնում, ապա այն որևէ ձևով չպետք է ազդի ընթացքում գտնվող գործերի վրա: Իսկ տվյալ պարագայում ակնհայտորեն երկու խախտում կա:
Բայց մեկ անգամ ևս կուզենայի իրականությանը նայել իսկապես բաց աչքերով: Արդյո՞ք որևէ մեկ սթափ մարդ կգտնվի, որը կհամարի, որ այս օրենքը իսկապես հենված է կամավորության սկզբունքի վրա: Այն, ինչ արդեն այստեղ տեսնում ենք, հենց «կամավորության» շարունակությունն է»:
Հարցին, իսկ թե ինչի՞ համար են փորձում կաշառել դատավորներին, նախկին նախարարն ասաց. «Որպեսզի երկրում լինի ամբողջովին վերահսկելի Սահմանադրական դատարան: Դա հնարավորություն կտա մեծամասնությանը, իսկ մեծամասնություն ասելով հասկանում եմ Նիկոլ Փաշինյանին, ձևավորել այնպիսի Սահմանադարական դատարան, որը կդառնա այդ իշխանության կամ Նիկոլ Փաշինյանի կամքի կյանքի կոչողը»:
Նա նշեց, որ այսօր սովորական դատական հակամարգում կան մարդիկ, ովքեր համակերպվել են, պատարստ են կատարելու գործադիր իշխանության ցանակացած պահանջ, կան դատավորներ, որոնք պատրաստ չեն:
«ՍԴ-ից ակնկալում էին, որ կսկսեն կատարել գործադիր իշխանության պահանջները, հանկարծ կյանքը ցույց տվեց, որ այդ դատավորներն իրենց իսկապես զգում են դատավոր, այդ դատավորներն իսկապես գործում են անկախ: Այստեղ առաջացավ շոկը: Բանականաբար, կարելի է ցանկացած պիտակ կպցել, ցանկացած հիմնավորում գտնել, որ կապված են նախորդ իշխանությունների հետ, որ նրանց անցյալը մաքուր չէ, հազար ու մի փաստարկ կարելի է ներկայացնել, որպեսզի հիմնավորվի այն ապօրինի և հակասահմանադրական քայլերը, որոնք այժմ կատարվում են»,- ասաց Դավիթ Հարությունյանը:
Նա վստահ է որ ՍԴ-ի նկատմամբ ոչ միայն վստահության կա, այլ աճել է այդ վստահությունը. «Այն, որ ՍԴ գնահատականը վերջին մեկ տարում աճել է, աներկբա է»:
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյանը վաղը կհարցաքննվի
- Հրայր Թովմասյանի սանիկին առաջադրված մեղադրանքը մեկ դրվագով լրացվել է
- Արթուր Ղազինյանը՝ ՍԴ դատավորներին. Արհամարհեք և անտեսեք այս իրավական խեղկատակությունը
- Քաղաքագետ. Հիմա խոսքը ՍԴ անդամներինն է
- ՀՔԾ քննիչները Սահմանադրական դատարանում են
- Արսեն Բաբայան. Հրայր Թովմասյանից ազատվելու ճանապարհին իշխանությունը կանգ չի առնում ոչնչի առաջ
- Փաստաբան. Հրայր Թովմասյանի սանիկ Նորայր Փանոսյանն ազատ է արձակվել
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան