ՍԴ նախագահ. Եթե խաղաղ պայմաններում հերոսներ եք փնտրում, ապա նրանք ՍԴ շենքում են
«Մեղադրանքի առաջադրումն իմ կյանքում ոչինչ չի փոխել և չի էլ կարող փոխել»,-լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Սահմանդրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը։
«Մենք քննիչի հետ բաժանվեցինք որպես պրոֆեսիոնալներ։ Ես իրեն ասացի՝ որպես պրոֆեսիոնալ իրեն գնահատում եմ։ Բայց ցավում եմ, որ ինքը ներգրավված է ոչ թե իրավական, այլ քաղաքական գործընթացների մեջ։ Այս առումով մենք բաժանվեցինք։ Ես հրաժարվել եմ ցուցմունք տալուց»,-մանրամասներ ներկայացրեց ՍԴ նախագահը։
Նա նկատեց՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ՍԴ-ն վերջին վեց ամսում աշխատել է աննախադեպ ճնշումների ներքո։ Ըստ նրա, դրանք ոչ միայն հայհոյախառն էին, ոչ միայն սպառնալիքներ էին, ոչ միայն այսօրվա մասին զգուշացումներ էին, այլև կոնկրետ բռնության կոչեր էին և դրանց դրսևորումներ։
«Բայց այդ ժամանակահատվածում Սահմանադրական դատարանը, փառք ու պատիվ իրեն ու բոլոր դատավորներին, աշխատել է առանց որևէ խոչընդոտի և ընդունել է այնպիսի որոշումներ, որոնք ելակետային, բեկումնային են լինելու մեր իրավական համակարգի հետագայի համար։
Կարծում եմ՝ շատերը վատ են ճանաչում ՍԴ դատավորներին, նրանք ուժեղ և հայրենասեր մարդիկ են, նրանք նվիրյալներ են։ Եթե խաղաղ պայմաններում դուք հերոսներ եք փնտրում, ապա այդ հերոսները այս շենքում նստած աշխատում են։ Ես չեմ վարանի ասել նրանց անունները՝ Ալվինա Գյուլումյանը, Արևիկ Պետրոսյանը, Հրանտ Նազարյանը, Ֆելիքս Թոխյանը, Արայիկ Թունյանը, Արման Դիլանյանը»,-ասաց ՍԴ նախագահը։
Հարցին, թե Վահե Գրիգորյանը մտնում է այդ անունների ցանկում, Թովմասյանն արձագանքեց՝ ոչ։
Նրա խոսքով, եթե որևէ մեկը մտածում է , որ ՍԴ դատավորները կարող են «կաշառք» որակումը ստացած թաշոկով գայթակղվել ու գնալ, ապա այդ մարդկանց շատ վատ են ճանաչում։
«Իմ թվարկած դատավորներից որևէ մեկը դրան չի գնալու։ Ես շատ եմ նշել, թող ոչ ոք չմտածի, որ անկախ դատական իշխանությունը սկուտեղի վրա բերելու են և մատուցելու են իրենց։ Այսօր պայքար չէ իրենց աթոռի համար, հակառակը, գուցե շատ տարօրինակ է, բայց լրիվ հակառակն է, պայքար է, թե մենք վաղը ինչպիսի դատական իշխանություն ու պետություն ենք ունենալու»,-ասաց նա՝ նկատելով, որ այդ դատավորները չեն, որ ձգտում են անաշխատ եկամուտի։
ՍԴ նախագահի խոսքով, նրանք չեն կարող քանդված փողոց ու դպրոց տեսնելով, գնալ նստել տանն ու ստանալ այդ աշխատավարձը։Թովմասյանն ասաց, այդ հարցը չի քննարկել դատավորների հետ, բայց վստահեցրեց՝ այս ամենը քաղաքական պրոցես է։
«Քաղաքական պրոցես է ու մեկ նպատակ է հետանպնդում»,-ասաց նա։
ՍԴ նախագահը շնորհակալություն հայտնեց ՍԴ շենքի դիմաց ակցիայի բոլոր մասնակիցներին, ՀԿ-ների ներկայացուցիչներին, երկրի վաղվա օրով մտահոգ մարդկանց ու վստահեցրեց. «Էն Հրայր Թովմասյանին, որին դուք ճանաչում եք, ոչինչ չի կասեցնելու, ոչինչ չի կասեցնի նաև իր թվարկած դատավորներին վաղվա դատական իշխանությունն ու երկիրը կերտելու գործում»։
Նա այլ հարցերի չպատասխանեց, ասաց՝ մի օր կխոսի։
Հարակից հրապարակումներ`
- Հրայր Թովմասյան. Ինձ զգուշացրել էին, որ x, y, z քայլերը չանելու համար, Ձեզ մի օր մեղադրանք կառաջադրվի
- Արևիկ Պետրոսյան. Չեմ պատրաստվում օգտվել վաղ կենսաթոշակի հնարավորությունից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան