Ի տարբերություն ԵՄ երկրների, Հայաստանում տարածված խախտումներից է անբարեխիղճ մրցակցությունը. ՏՄՊՊՀ նախագահ
2019 թվականին Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված վարույթների քանակը նախորդ տարվա համեմատ զգալի աճել է, ինչն առաջին հերթին պայմանավորված է քաղաքացիների, տնտեսվարողների դիմում-բողոքներով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
Նա նշեց, որ այս տարի հանձնաժողովի կողմից նախաձեռնությունների քանակը մի փոքր քչացրել էին՝ փորձելով տեսնել, թե տնտեսվարողներն ինչպես են արձագանքում:
«Պարզվեց, որ տնտեսավարողների բողոքների քանակը բավական շատ է: Անբարեխիղճ մրցակցությունում ունենք բողոքների ավելացում 10-15 տոկոսով: Հետաքրքիր պատկեր է նկատվում խախտումների ավելի խորը ուսումնասիրությունների արդյունքում պատասխանատվության մեխանիզմների ներդրման համակարգում: Օրինակ՝ գերիշխող դիրքի չարաշահման և հակամրցակցային համաձայնությունների բացահայտման գործերի քանակը գրեթե 2,5 անգամ ավելացել է»,- ընդգծեց ՏՄՊՊՀ նախագահը։
Ներկայացնելով որոշ տվյալներ՝ Գեղամ Գևորգյանն ասաց, որ այս տարի անբարեխիղճ մրցակցության մասով 2019թ-ին գրանցվել է 53 դեպք՝ 2018թ-ին 49-ի դիմաց։ Ինչ վերաբերում է գերիշխող դիրքի չարաշահման, հակամրցակցային համաձայնությանը , 2018 թ-ին գրանցվել է 9 դեպք, 2019 թ-ին՝ 22 դեպք։
ՏՄՊՊՀ նախագահը հայտնեց, որ հանձնաժողովն այս տարի առաջին անգամ պետական մարմինների նկատմամբ պատասխանատվության միջոցներ է կիրառել, մասնավորապես՝դատական դեպարտամենտի, Առողջապահության նախարարության, Ոստիկանության։
Գեղամ Գևորգյանի խոսքով՝ խախտումներն, ըստ էության, մեծ չեն եղել, սակայն դրանով ցույց են տալիս, որ տնտեսավարող սուբյեկտները կարող են նաև պետական մարմինների դեմ գործերով դիմել իրենց:
ՏՄՊՊՀ նախագահը նաև ասաց, որ եթե ԵՄ երկրներում անբարեխիղճ մրցակցության դրսևորումները քիչ են, ապա Հայաստանում դա ամենատարածված խախտումներից է, ինչը շատ վատ է։ «Անբարեխիղճ մրցակցություն է համարվում այլ ընկերությունների բրենդի կիրառումը, հասարակությանը մոլեցնելը և այլն»,- ասաց նա։
Գեղամ Գևորգյանն առանձնացրեց օղիների հետ կապված գործը, երբ այլ բրենդի ներքո է փորձ արվել ապրանքն իրացնել, բացի այդ, վարույթներ են հարուցել դիալեզի սարքավորումների գնման հետ կապված: Նշվեց նաև, որ կաթնամթերքի ոլորտում էլ բացահայտել են հասարակության մոլորեցման դեպքեր:
ՏՄՊՊՀ նախագահը հայտնեց, որ ներկայում հանձնաժողովը ուսումնասիրություն է սկսում կաթնամթերքի, կարագի շուկայում, որի արդյունքները կամփոփեն հաջորդ տարվա սկզբին. «Այս պահին կարող եմ ասել, որ կարագի ոլորտում անբարեխիղճ մրցակցության դրսևորում բուսական յուղի օգտագործման տեսքով չի հայտնաբերվել։ Թթվասերի մասին կհայտնենք հաջորդ տարի, բայց պատկերն այդքան էլ հուսադրող չէ»։