ԿԳՄՍՆ. «Արմաթ» ինժեներական նոր լաբորատորիաների թիվը մեկուկես անգամ ավելացել է
Հայաստանի դպրոցներում 2019 թ. ընթացքում «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների թիվն ավելացել է 350-ով: Նման տվյալներ են հրապարակել ԿԳՄՍ նախարարությունից։
Կառավարությունը լրացուցիչ հարկային մուտքերի հաշվին նախապես հատկացված 352 մլն դրամից բացի, հավելյալ ևս 834 մլն դրամ է տրամադրել 284 նոր լաբորատորիայի ձեռքբերման նպատակով, ևս 66 լաբորատորիա դպրոցներն ստացել են մասնավոր ընկերությունների աջակցությամբ: Արդյունքում, եթե 2019 թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում գործում էր 225 ինժեներական լաբորատորիա, այժմ դրանց թիվը հասել է 575-ի, այսինքն` ավելացել է ավելի քան 155 տոկոսով:
ԱՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի խոսքով` «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների ստեղծումը բազմափուլ տեխնոլոգիական ծրագրի հենքն է.
«Լաբորատորիայի խմբակներում ընդգրկված երեխաները տիրապետում են եռաչափ մոդելավորմանը, ռոբոտաշինությանը և գիտեն առնվազն ծրագրավորման մեկ լեզու: Նրանք ևս մեկ քայլ անելով կարող են դառնալ երիտասարդ ՏՏ մասնագետ և մտնել աշխատաշուկա: Դրա փորձն ունենք Վանաձորում. «Արմաթ» խմբակ հաճախող բարձր տարիքի աշակերտներն արդեն աշխատում են ՏՏ ընկերությունում, իհարկե, ծնողների իմացությամբ»,- նշել է նա` ավելացնելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել, որ ՏՏ ընկերությունները մարզային մասնաճյուղեր հիմնեն և աշխատուժը մնա տեղերում:
ՀՀ երեք մարզերի` Շիրակի, Լոռու և Տավուշի հանրակրթական դպրոցներն ամբողջությամբ ապահովված են «Արմաթ» լաբորատորիաներով: Շիրակի մարզի 140 դպրոցից այս տարի նոր լաբորատորիա է տեղադրվել 117 դպրոցում, Լոռիում ևս 140 դպրոցից 118-ը ապահովվել են նոր լաբերով, իսկ Տավուշում 83 դպրոցից նոր լաբեր են ստացել 44-ը (մնացած դպրոցներն ապահովվել էին նախորդ տարիներին):
Լոռու մարզպետի տեղեկացմամբ, հունվարից մարզի բոլոր դպրոցներում կգործեն «Արմաթ» խմբակները, որոնք ամբողջությամբ փոխում են դպրոցի մթնոլորտը։
Տարվա ընթացքում ինժեներական լաբորատորիաներ են տեղադրվել նաև Արցախի և Ջավախքի դպրոցներում: Հետագայում ինժեներական լաբորատորիաների համալրման ծրագիրը կընդլայնվի: Նման լաբորատորիաներ չեն ունենա միայն այն դպրոցները, որոնց աշակերտների թիվը 33-ից պակաս է:
«Արմաթ» լաբորատորիաները նախատեսված են 10-18 տարեկանների համար, պարապմունքներն անվճար են, մեկ խմբում կարող է ընդգրկվել մինչև 18 երեխա:
Այսպիսով, Հայաստանը դիրքավորվում է աշխարհի այն երկրների շարքում, որտեղ STEM կրթությունը ինժեներական լաբորատորիաների տեսքով հասանելի է հանրակրթական համակարգի շուրջ 50% դպրոցներում։
Հարակից հրապարակումներ`
- Ախալցխայում «ԱրՄաթ» լաբորատորիա է բացվում
- Դիլիջանում ամփոփվել են «Արմաթ» ամառային տեխնոճամբարի առաջին հոսքի արդյունքները
- «Արմաթ» լաբորատորիայի սաները ներկայացրել են Beeline-ի տրամադրած Wi-Fi սարքերից պատրաստած ռոբոտները
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները