Դեկտեմբերի 28-ին Ղազախստանում սգո օր է հայտարարվել
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը դեկտեմբերի 28-ը սգո օր հայտարարեց՝ «Bek Air» ավիաընկերության վթարի հետևանքով զոհվածների համար: Այս մասին այսօր հայտարարել է Ղազախստանի նախագահի մամուլի խոսնակ Բերիկ Ուալին: Այս մասին գրում է Regnum-ը։
«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը 2019 թվականի դեկտեմբերի 28-ը հայտարարեց որպես ազգային սգո օր՝ Ալմաթիի մոտակայքում ուղևորատար ինքնաթիռի վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ», - ֆեյսբուքում գրել է Ղազախստանի նախագահի խոսնակը:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, Ալմաթիի օդանավակայանից դեպի Նուր Սուլթան թռիչք իրականացնող Bek Air ավիաընկերության ինքնաթիռը թռիչքից հետո կորցրել էր բարձրությունը, հարվածել բետոնե պատնշին ու բախվել երկհարկ շինությանը։ Ինքնաթիռում եղել են 93 ուղևոր և անձնակազմի 5 անդամներ։ Վերջին տվյալներով, զոհվել է 12 մարդ, ավելի վաղ հաղորդվել էր 15 զոհի մասին, 53 մարդ տեղափոխվել է հիվանդանոց, որից 9-ը երեխաներ։