«Սասնա ծռեր». Մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցողի դերում հանդես գալու փուլը
«Ամփոփելով 2019 թվականը՝ ափսոսանքով ստիպված ենք փաստել, որ հեղափոխությունը, կամ ավելի ստույգ՝ համակարգային փոփոխությունների գործընթացը, ձախողման եզրին են»,- ասուլիսում հայտարարեց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգող Վարուժան Ավետիսյանը։
Նա նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը, Արցախը ներառյալ մնում է համակարգային ճգնաժամի մեջ, ճգնաժամը շարունակվում է պետության՝ որպես համակարգի, բոլոր չորս հիմնական բաղադրիչների՝ պետական կառավարման, արտաքին հարաբերությունների, սոցիալ-տնտեսական և սոցիալ-մշակութային մասով:
Վ. Ավետիսյանի խոսքով, ճգնաժամի համալիր բացասական ազդեցության պատճառով աղետալի ընթացքի մեջ են մնում Արցախի խնդիրը, արտաքին անվտանգությունը, ժողովրդագրությունը, կենսամակարդակը, արդարությունը, շրջակա միջավայրը:
«Այլևս ակնհայտ է, որ գործող իշխանությունը չունի համակարգային փոփոխություններ կատարելու բավարար կամք և կարողություն:
Պետության ղեկը ստանձնելու օրվանից մինչ այժմ՝ մեկուկես տարվա ընթացքում, գործող իշխանությունն անտեսել կամ իմաստազրկել ու զրոյացրել է համակարգային փոփոխությունների վերաբերյալ մեր և այլ ուժերի ու գործիչների բոլոր առաջարկություններն ու նախաձեռնությունները:
Ժամանակն է, որ սևերի հետ համեմատության մեջ իր համար հարմարավետության զոնա ստեղծած և իրեն որպես սպիտակ երևակայող ներկայիս իշխանությունն ունենա իրական այլընտրանք և հակակշիռ՝ իրական սպիտակների բևեռ:
Կենսական անհրաժեշտություն ունեցող նման բևեռի ձևավորումը մենք պատկերացնում ենք ազգային-ժողովրդավարական ուժերի և գործիչների հնարավորինս լայն համախմբմամբ:
Հանուն պետության կայացման, սահմանադրականության հաստատման և ժողովրդավարության երաշխավորման, ստեղծվելիք ազգային-ժողովրդավարական բևեռի խնդիրը պետք է դառնա համակարգային փոփոխություններն անշրջելի հունի մեջ դնելը:
Երկրորդ կարծիք լինել չի կարող, որ Հայաստանը պետք է չընկնի իրարահաջորդ հեղաշրջումների արատավոր շրջանի մեջ: Նման գործընթաց կարող է սկսվել ռևանշի կամ ևս մեկ ժողովրդական ընդվզման պարագայում:
Ուստի որպես անցնցում տարբերակ է մնում ներկայիս հեղափոխությունն ավարտին հասցնելը»,- ասաց «Սասնա ծռեր» կուսակցության քարտուղարության համակարգողը:
Վ. Ավետիսյանը նշեց, որ այդ տարբերակի պարագայում արտահերթ ընտրություններին պետք է նախորդի հեղափոխական ուժերից կազմված ազգային համաձայնության կառավարության իշխանությամբ անցումային ծրագրով կոշտ կառավարման շրջանը:
«Վերոհիշյալի հաշվառմամբ արձանագրում ենք, որ մեզ համար ավարտվում է գործող իշխանությանն աջակցողի դերում հանդես գալու փուլը: Մենք 2020 թվական ենք մտնում որպես համակարգային փոփոխությունների ձգտող արմատական ընդդիմություն՝ որդեգրով իշխանությանը պահանջներ ներկայացնող և իրավական միջոցներով դրանց կատարմանը ձգտող քաղաքական ուժի դիրք»,- ասաց Վ. Ավետիսյանը:
Հարակից հրապարակումներ`
- «Սասնա Ծռեր»-ն իշխանությանը սթափության կոչ են անում
- «Սասնա Ծռեր»-ը պահանջում են պաշտոնից ազատել Զոհրաբ Մնացականյանին
- «Սասնա ծռեր». Փաշինյանի հետ հանդիպմանը արտահերթ ընտրությունների հարց չի քննարկվել
- Փաշինյան-«Սասնա ծռեր» հանդիպումը բացասական ֆոն կստեղծի՞ Պուտինի այցից առաջ
- Ամուլսարը Նիկոլ Փաշինյանի իշխանության փորձաքարն է. «Սասնա Ծռեր»
- «Սասնա Ծռեր»-ը պահանջում են վերացնել ռոումինգը
- «Սասնա ծռերի» պահանջները՝ վարչապետին
- «Սասնա Ծռեր»-ը Գլխավոր դատախազություն է հանձնել Բերձորյան ահաբեկչության վերաբերյալ հաղորդումը