AntiFake. Արսեն Թորոսյանը պարգևատրվել է 10 անգամ՝ 15 մլն դրամի չափով
Ըստ AntiFake.am-ի` Առողջապահության նախարարությանն ուղղված հարցման պատասխանի` 2019 թվականի մարտ - դեկտեմբեր ամիսներին հայտարարագրեր ներկացանող անձինք` նախարար Արսեն Թորոսյանը, փոխնախարարները, գլխավոր քարտուղարի տեղակալը, լիցենզավորման գործակալության և պետական առողջապահական գործակալության պետերը պարգևավճարներ են ստացել:
Մասնավորապես, Առողջապահության նախարարությունում ամենամեծ չափով պարգևավճար ստացած պաշտոնյան նախարար Արսեն Թորոսյանն է, ով 2019 թվականի 10 ամիսների ընթացքում ստացել է 14.834.904 դրամ պարգևավճար:
Նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը դարձյալ նշված ժամանակահատվածների ընթացքում ստացել է 9.371.014 դրամ: Նախարարի մեկ այլ տեղակալ` Անահիտ Ավանեսյանը ստացել է 9.672.612 դրամ:
Բոլորովին վերջերս փոխնախարար նշանակված Արտյոմ Սմբատյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտեւղարի պաշտոնը, որպես պարգևավճար 2019 թվականի մարտ-դեկտեմբեր ամիսներին ստացել է 7.300.757 դրամ, իսկ փոխնախարար Լևոն Հակոբյանը` 7.132.109 դրամ:
Ըստ աղբյուրի, դեռևս մարտի 30-ին ձերբակալվել էր առողջապահության փոխնախարար Արսեն Դավթյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել գործ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար: Մինչ այդ, նախկին փոխնախարարը արդեն իսկ հասցրել էր ստանալ իր ամսական պարգևավճարը` 1.124.430 դրամ:
Մեկ այլ պաշտոնաթող փոխնախարար` Հովհաննես Հարությունյանը, պաշտոնավարել է մինչև 2019 թվականի հոկտեմբերի 10-ը` մինչ այդ ստանալով 5.035.635 դրամ: Նորանշանակ փոխնախարար Շավարշ Գրիգորյանը, որը իր պարտականությունները կատարում է այս տարվա նոյեմբերի 15-ից, ստացել է 1,661,447 դրամ:
Նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Վահե Հակոբյանը ստացել է 2,563,454 դրամ պարգևավճար։
Առողջապահության նախարարության Պետական առողջապահական գործակալության պետ Ծաղիկ Վարդանյանն ստանցել է 2,900,107 դրամ պարգևավճար։ Իսկ Լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանը՝ 3,696,628 դրամ։
Նախարարության բարձրաստիճան վերոնշյալ պաշտոնյաներին հատկացված պարգևավճարների ընդհանուր թիվը շուրջ 65 միլիոն դրամ է:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։