Ղազախստանում ինքնաթիռի վթարի հնարավոր պատճառները
Ղազախստանի քննիչները քննարկում են Ալմա-Աթայի մերձակայքում «Բեք Էյր» ավիաընկերության ինքնաթիռի կործանման մի քանի վարկած: Այս մասին հայտնում են հանրապետության ՆԳՆ մամուլի ծառայությունից, գրում է lenta.ru-ն` հղում տալով ria.ru-ին:
Երկրի ներքին գործերի նախարար Երլան Տուրգումբաևի խոսքով՝ վթարի պատճառների հավանական վարկածների թվում են համարվում տեխնիկական անսարքությունները, օդաչուների սխալները և անբարենպաստ եղանակային պայմանները:
Վարչության պետը նշել է նաև, որ իրավապահները այժմ ստուգում են ցամաքային և ավիացիոն ծառայությունների աշխատանքը, որոնք ներգրավված են թռիչքների կազմակերպման և անցկացման գործընթացում, ինչպես նաև հարցաքննում են պատասխանատու անձանց և թռիչքի ուղևորներին:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 27-ի առավոտյան «Բեք Էյր» ավիաընկերության ինքնաթիռը բախվել է բնակելի շենքերին Ալմաթիի օդանավակայանից ինքնաթիռի թռիչքի ժամանակ: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարը տեղի է ունեցել շարժիչի անսարքության հետևանքով: Երկրի Ներքին գործերի նախարարության տվյալներով ՝ զոհվել է 12, վիրավորվել՝ 49 մարդ:
Հավելենք, որ ինքնաթիռի սև արկղը գաղտնազերծվելու է Մոսկվայում: Այս մասին հայտարարել է հանրապետության արդյունաբերության և ենթակառուցվածքների զարգացման փոխնախարար Բերիք Քամալիևը։
Հարակից հրապարակումներ`
- Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահին
- Դեկտեմբերի 28-ին Ղազախստանում սգո օր է հայտարարվել