ԱՆ. Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացվել
Արդարադատության նախարարությունը Վենետիկի հանձնաժողովից որևէ պաշտոնական նամակ չի ստացել։ Այս մասին հայտնում են ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունic:
«Ինչ վերաբերում է ոչ պաշտոնական գրագրությանը՝ այն հրապարկման ենթակա չէ։
Այդուհանդերձ, տեղեկացնում ենք, որ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը անձնական նամակով շնորհավորել է Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյին Սուրբ ծննդի և Ամանորի կապակցությամբ, որին ի պատասխան Հանձնաժողովի նախագահը Ռուստամ Բադասյանին ևս շնորհավորել և բարեմաղթանք է հղել տոների առթիվ։
Այլ ոչ պաշտոնական գրագրություններ հրապարակման ենթակա չեն»,-ասված է նախարարության տարածած հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում մասնավորապես գրել էր.
«Հարգելի՜ գործընկերներ պարզվում է՝ երեկ արդարադատության նախարարությունում Վենետիկի հանձնաժողովից ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ նամակ է ստացվել, որում ոչ միայն բացատրություններ են հայցվում, այլև բավական միարժեք որակումներ են տրվում իշխանությունների գործողություններին։
Կարծում եմ՝ ակնհայտ է, որ օրվա իշխանությունների այս անպատասխանատու և արկածախնդիր վարքագծի պատճառով մեր պետության միջազգային հեղինակությանը լուրջ հարված է հասցվում։
Ընդ որում՝ տի՜կնայք եւ պարոնա՜յք հարկ է գիտակցել, որ եթե փորձառության պակասի պատճառով խաբվում եք եվրոպացիների ժպիտներին, ապա իմացեք՝ նրանք ամեն ինչ շատ լավ հասկանում են։ Ու այս ընթացքը շարունակելու պարագայում կարմիր քարտը պարզապես անխուսափելի է լինելու։ Դրանում չկասկածեք»։