Դատախազությունն արձագանքում է «Հրապարակ»-ի հրապարակմանը
Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն արձագանքել է «Հրապարակ»-ի ՝ «Գործարարը դատախազությունից պարզաբանումներ է պահանջում իրեն պատկանող անշարժ գույքը Հրայր Թովմասյանին վերագրելու համար» հոդվածի վերաբերյալ։
Աբրահամյանը մասնավորապես գրել է.
«Նախ՝ այդ հրապարակման մեջ նշված հանգամանքի շուրջ աժիոտաժ առաջացնելու արհեստականության մասին է վկայում իրողությունը, որ դատողություններն ու մտավարժանքներն արվում են քրեական գործի նյութերում առկա փաստական հանգանաքններից, տվյալներից, ապացույցներից բացարձակ անտեղյակության պայմաններում՝ հիմնված բացառապես մեկ անձի՝ որպես գործարար ներկայացող՝ Հ. Թովմասյանի հետ փոխկապակցված անձի, իրականում նրա կնոջ քրոջ ամուսնու կողմից արված հայտարարությունների վրա:
Ելնելով նախաքննության գաղտնիությունից՝ ավելին չենք կարող ասել, սակայն ըստ այս պահին առկա քրեական գործի նյութերի՝ 52.4մլն դրամով մինչ այդ վաճառված, իսկ մոտ մեկուկես տարի անց բանկի կողմից 59մլն դրամ արժեքով գնահատված գույքը ընդամենը 3մլն դրամով Հրայր Թովմասյանի կողմից առուվաճառքի պայմանագրով ձևակերպվել է իրեն փոխկապակցված անձանց՝ իր կնոջ քրոջ և նրա ամուսնու անունով: Թերևս արդեն պարզ է, թե ինչու է անձը մոռացել որպես գործարար հանդես գալուց բացի Հ. Թովմասյանի հետ իր բարեկամական կապերը ևս «գաղտնազերծել»:
Ինչ վերաբերում է այն մեկնաբանություններին, թե քրեական հետապնդումը հարուցվել է անգամ առանց գույքի դե յուրե սեփականատիրոջը հարցաքննելու, ապա դա հնարավոր չի եղել ապահովել տվյալ անձի՝ ՀՀ-ից բացակայելու պատճառով: Ընդ որում՝ անձի ՀՀ տարածքում գտնվելու հանգամանքը պարզելու համար կրկնակի անգամ (2019թ. հոկտեմբերին և նոյեմբերին) հարցում է արվել, որոնց արդյունքում ՍԵԿՏ համակարգով պարզվել է, որ վերջին անգամ այդ անձը ՀՀ տարածքը լքել է 25.07.2019թ.-ին և վերադառնալու մասին տվյալներ չկան:
Ամեն դեպքում շատ ողջունելի է Հայաստան վերադառնալու նրա մտադրությունը, քանի որ դա հնարավորություն կստեղծի կատարելու այն դատավարական և քննչական գործողությունները, որոնք մինչ այդ հնարավոր չեն եղել Հայաստանից նրա բացակայության պատճառով:
Հորդորում եմ հետայսու զերծ մնալ ժամանակավրեպ, չփաստարկված պնդումներ ու մեկնաբանություններ անելուց»։