Երևանի 10 վարչական շրջաններում փոխարինված 20 նոր վերելակներն արդեն գործարկվում են
Ավարտվել է վերելակների փոխարինման փորձնական ծրագիրը: Երևանի 10-ը վարչական շրջաններում 20 նոր վերելակներն արդեն գործարկվում են: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Ծրագրի այս փուլի արժեքը շուրջ 190 մլն դրամ է: Այն իրականացվել է հիմնական նախագծի մոդելով: Շենքերն ընտրվել են՝ հաշվի առնելով վերելակների դետալների մաշվածությունը, խափանման հաճախականությունը, հորանների վիճակը, խցիկների մաշվածության աստիճանն ու ԱԻՆ-ի կողմից հաստատված մի շարք այլ չափորոշիչներ: Երևանում գործող վերելակների գրեթե 70 տոկոսը շահագործվում է ավելի քան 40 տարի, այնինչ դրանք 25 տարի հետո պետք է դադարեին գործել:
Մայրաքաղաքում փոխարինման ենթակա շուրջ 3500 վերելակ կա: Ամբողջական նախագիծը քաղաքապետարանը նախատեսում է իրականացնել համայնք-բնակիչ համագործակցության շրջանակում: Մինչ ամբողջական նախագծի մեկնարկը Երևանի քաղաքապետարանը 2020-ին նախատեսում է ևս 100 վերելակի փոխարինում: Միջոցները նախատեսվել են 2020թ. բյուջեով: