Սննդագետը հիշեցնում է. Ալկոհոլի ազդեցությունն ուժեղանում է շաքար պարունակող հյութերի համադրումից
Ինչքան էլ այս կամ այն պաշտոնյաները հորդորեն ձեռնպահ մնալ խոզի բուդ, բլինչիկ ու աղցաններ պատրաստելուց, հետո էլ դրանք ստիպելով հյուրասիրելուց, միևնույն է վերջին մեկ ամսում խանութներում, շուկաներում առևտուրն է եռում, խոհանոցներում՝ միսն ու բանջարեղենը։
Ամանորյա սեղանները ճոխ ու գեղեցիկ դարձնելու աշխատանքին են լծված թե կանայք, թե տղամարդիկ։
Panorama.am-ի հետ զրույցում սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանը քաղաքացիներին հիշեցնում է՝ ամանորին գեղեցիկ և ճոխ սեղան ունենալուց զատ, անհրաժեշտ է պահպանել սննդի պահպանման, վերամշակման անվտանգության կանոնները և հետևել սննդակարգին:
«Անցած օրերին սպառողները գնել են ամանորյա մթերքներ, որոնք պահպանելու համար անհրաժեշտ է ապահովել պատշաճ պայմաններ, քանի որ ե՛ւ կենդանական, ե՛ւ բուսական ծագման մթերքի սխալ պահպանման դեպքում կարող են առաջնալ բազմաթիվ խնդիրներ. օրինակ ընդեղենի սխալ պահպանման դեպքում մարդիկ կարող է զարգանան բորբոսասնկերը, որոնց գործունեության արդյունքում առաջանում են քիմիական տոքսիններ՝ միկոտոքսիններ: Հորդորում եմ, որ ընդեղենը պահպանեն չոր վայրում։ Ցանկալի է մեկ օր -18 աստիճանի դեպքում սառեցնել, այդ ընթացքում ոչնչանում են կենսաբանական վտանգները»,-խորհուրդ է տալիս մասնագետը։
Տոնական օրերին մարդիկ խախտում են ճիշտ սնվելու գրաֆիկը, քանի որ օգտագործում են բարձր կալորիականությամբ սնունդ, բարձր յուղայնություն պարունակող մթերք, թունդ ալկոհոլային խմիչքներ և այլն։ Որպեսզի տոները վատ չանդրադառնան աղեստամոքսային տրակտի աշխատանքի, քաշի վրա, սննդագետը հորդորում է.
«Պարտադիր չէ Ամանորին նստել սեղանի շուրջ և անընդհատ ուտել: Այդ օրերին սեղանը կարելի է համալրել բանջարեղենով, թաղանթանյութ պարունակող մթերքներով, բանջարեղենային աղցաներով և այլն: Պետք է աշխատել պահպանել սնվելու ռեժիմը, երեկոյան ժամերին թթվասերով, մայոնեզով չծանրաբեռնել օրգանիզմը, պետք է հնարավորինս զերծ մնալ գազավորված, շաքար պարունակող ըմպելիքներից։ Մենք սովորություն ունենք աղցանները պատել մայոնեզով ու թթվասերով, պետք է հիշենք, որ այդ դեպքում նրանք ունենք պիտանելիության քիչ ժամկետներ` 6-8 ժամ: Թթվասերն ու մայոնեզը պետք չէ ավելացնել մեծ տարանների մեջ, անհրաժեշտ է մատուցելուց ավելացնել թթվասերը կամ մայոնեզը: Աղցանին կարելի է ավելացնել միայն մածուն և միայն արտաքին մակերեսը պատել թթվասերով։ Օգտագործեք շատ ջուր կամ հանքային ջուր»։
Հատկապես պետք է ուշադրություն դարձնել կենդանական ծագում ունեցող սննդի պահպանման անվտանգության կանոններին, քանի որ տոնական օրերին վերջիններս պահպանում ենք երկար։ Սրա մասին խոսվեց անգամ կառավարության նիստում, բարձր մակարդակով։
Որպեսզի հյուրասիրությունից հետո հյուրերի հետ ոչինչ չպատահի, պետք է պահպանել ջերմային պատշաճ պայմաններ:
«Պետք է հիշել, որ գործ ունեք բարձր ռիսկային մթերքների հետ, որոնք պահվում են տաք պայմաններում, ինչը նպաստավոր է մանրէների զարգացման և մթերքի փչացման տեսանկյունից։ Քանի որ այս տարի տաք է պատշգամբ ու սառն անկյունները չեն փրկի, կարիք կլինի մթերքը պահել սառնարանում։ Խոզի ադրամիսը եթե երեք օրում չեք սպառելու, ապա եփելուց հետո մի մասը պահեք սառնարանում»,-ասում է Պիպոյանը։
Ալկոհոլը որպեսզի իր սև գործը չանի, պետք է հետևոլ դննդագետի հորդորին։
«Այս օրերին չարաշահում ենք նաև ալկոհոլը: Հաճախ տնից տուն հյուր գնալով փոխում ենք ալկոհոլային խմիչները, մասնավորապես անցում կատարելով տարբեր թնդության ալկոհոլային խմիչքների: Ցանկալի է, որ օրվա ընթացքում չփոխեն ալկոհոլային խմիչքը։ Որ խմիչքով սկսել եք օրը, շարունակեք նույն խմիչքն օգտագործել։ Ալհոկոլի ազդեցությունն ուժեղանում է շաքար պարունակող հյութերի հետ համադրումից։ Հետևապես ջուր ըմպեք շատ՝ ալհոկոլի ազդեցությունը մեղմելու համար»,-խորհուրդ է տալիս Պիպոյանը։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյան. Պետք չէ բոլոր հյուրերին ստիպել ուտել 3 օրվա ստալիչինի սալաթը, 4 օրվա բլինչիկը, 15 օրվա խոզի բուդը
- «Ամանորի սեղանին բուդ դնելը վերցված է ռուսներից կամ հույներից»