Սկորսեզեն հրաժարվել է դիտել «Ջոկերը»
Ամերիկացի ռեժիսոր Մարտին Սկորսեզեն հայտարարել է, որ մինչև հիմա չի դիտել Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմը, որը համարվում է 2019-ի ամենագլխավոր կինոն։ kulturomania.ru-ի հաղորդմամբ, այդ մասին կինեմատոգրաֆիստը պատմել է New York Times-ին տված հարցազրույցում։ Սկորսեզեն խոստովանել է, որ ոչ միայն չի դիտել ֆիլմը, նաև չի պատրաստվում դա անել։
«Ես տեսել եմ մի քանի դրվագ։ Ես գիտեմ, թե ինչի մասին է այն։ Այդ իսկ պատճառով ինչո՞ւ այն դիտեմ։ Ես ամեն ինչ հասկացել եմ, դա ինձ բավարար է»,- հայտարարել է Սկորսեզեն։
2019-ին թողարկված Թոդ Ֆիլիպսի «Ջոկերը» մեծ հաջողություններ է ունեցել։ 55 միլիոն դոլար բյուջեով ֆիլմը համաշխարհային վարձույթում ավելի քան միլիարդ դոլար հասույթ է ունեցել։ Հայտնի է, որ Սկորսեզեն կարող էր դառնալ «Ջոկերի» ստեղծողներից մեկը, բայց հրաժարվել է մասնակցել այս ծրագրին ժամանակ չունենալու պատճառով։ Ֆիլմի թողարկումից հետո շատերն այն համեմատել են հենց Սկորսեզեի ֆիլմի հետ։