Գեներալ Սոլեյմանիի սպանության խորհրդանշական կողմը
Վերջին օրերին համաշխարհային մամուլի գլխագրերից չի իջնում ամերիկացիների կողմից իրանական գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության լուրը։ Ամերիկա-իրանական հարաբերությունների աննախադեպ լարվածության ֆոնի վրա հնչում են կանխատեսումներ, թե ինչպես և որտեղ Իրանը պատասխան կտա, և ինչպիսի հնարավոր զարգացումներ կարող են լինել։ Մինչ միջազգային հանրությունը, տարածաշրջանային պետությունները քաղաքական ու դիվանագիտական ջանքեր են գործադրում կողմերին հանդարտացնելու և լարվածության հետագա աճը կանխելու համար, ԱՄՆ նախագահը սպառնացել է անհապաղ և կոշտ հարվածներ հասցնել Իրանի ու իրանական մշակույթի համար մեծ կարևորություն ունեցող 52 թիրախներին (52 թիվը խորհրդանշում է տարիներ առաջ Իրանի կողմից պատանդ վերցված 52 ամերիկացիներին)։
Գեներալ Սոլեյմանիի սպանությունը ամերիկյան զինված ուժերի կողմից ավելի շատ սիմվոլիկ, քան թե պրագմատիկ նշանակություն ունի։ Անվիճելի է, որ Ղասեմ Սոլեյմանին տաղանդավոր ու խարիզմատիկ էր, բայց նաև անփոխարինելի չէ։ Կգան նոր գեներալներ, նոր գործիչներ, որոնք կշարունակեն նրա գործը, գուցե և ավելի արդյունավետ կերպով։
Խնդիրն այստեղ ավելի շուտ խորհրդանշական է, և ամերիկյան դրոնների թիրախը ավելին էր, քան մեկ-երկու բարձրաստիճան զինվորականները։ Հարվածի նպատակները երկակի էին՝ մի կողմից նսեմացնել իրանական ռազմական իստեբլիշմենթին, մյուս կողմից բարձրացնել ամերիկյան ուժի սպառնալիքի արժանահավատությունը։ Այս գործողությունների «կողմնակի զոհը» կրկին անգամ դարձան միջազգային իրավունքն ու նորմերը, որոնց անտեսման յուրատեսակ հակառեկորդ է սահմանում նախագահ Թրամպի վարչակազմը։
Սպանել մի երկրի բարձրաստիճան պաշտոնյայի մեկ այլ երկրի սուվերեն տարածքում, ոչ մի իրավական «դռնով» չի կարող անցնել, ինչքան էլ, որ չփորձեն այն ներկայացնել ինքնապաշտպանություն կամ վտանգի կանխարգելում։ Սա ուժային քաղաքականության ցցուն դրսևորում է, երբ ուժեղ կողմը առանց լրացուցիչ ծիսակարգերի ի ցույց է դնում իր մկանները՝ իր գերիշխանության հնարավոր վիճարկողներին։
Ամերիկյան հաշվարկն այն է, որ այս կերպ կարող է ամրապնդել զսպման մեխանիզմները, որոնք վերջին շրջանում բավականին խարխլվել էին միջազգային անվտանգության գործող ռեժիմների պատճառով, ինչն արդյունք է նաև ամերիկյան գործողությունների։ Ռացիոնալ ընտրության տեսակետից համաշխարհային գերտերության կողմից ուժի կիրառման արժանահավատ սպառնալիքը կարող է կանխարգելող նշանակություն ունենալ։ Բայց չպետք է մոռանալ նաև խնդրի հուզական կողմը և գեներալ Սոլեյմանիի սպանության զգացմունքային ազդեցությունը իրանական ժողովրդի ընկալումների վրա։
Արտաքին քաղաքական նկատառումներից բացի, նշվում է, որ այս սպանությունը և Իրանի հետ հնարավոր պատերազմը կարող է նպաստել Թրամպի վերընտրությանը և հանրության ուշադրությունը իմպիչմենտի գործընթացից շեղելուն։ Ներքաղաքական հաշվարկը չի բացառվում, բայց դրա արդյունքները նույնպես երաշխավորված չեն, եթե հաշվի առնենք նաև պատմական փորձը։
Խորհրդանշական էր նաև իրանցի գեներալի սպանության ձևը։ Ամերիկյան հատուկ ծառայությունները ծածուկ սպանությունների մեծ փորձ ունեն և ցանկության դեպքում կարող էին Ղասեմ Սոլեյմանիին կյանքից զրկել պակաս հրապարակային ձևով, նույնիսկ չստանձնելով դրա պատասխանատվությունը։ Իսկ այս դեպքում ուժի ցուցադրումը, հանրայնացումն ու հատուկ շեշտադրումը, որ ամեն ինչ կատարվել է նախագահի ուղիղ հրամանով, խոսում է այն մասին, որ սա առաջին հերթին ուղերձ էր, «ռիտուալ սպանություն»՝ ի փառս ամերիկյան հեգեմոնիայի և/կամ Թրամպի փառասիրության։
Մերձավոր Արևելքը բարդ աշխարհաքաղաքականություն ունենալուց զատ լի է բարդ խորհրդանիշերով։ Զգացմունքները, հարգանքն ու հպարտությունը, բարոյական պարտքն ու նվիրվածությունը, կրոնական պատկանելությունն ու մշակութային ժառանգությունը երբեմն պակաս նշանակություն չունեն պետությունների վարքագծի վրա, քան թե ռացիոնալ «չոր հաշվարկները»։
Գեներալ Սոլեյմանին Իրանի համար խորհրդանիշ էր, իսկ խորհրդանիշ սպանել դյուրին գործ չէ։ Գուցե այս գործողությունից հետո ամերիկյան ուժը Մերձավոր Արևելքում դառնա ավելի արժանահավատ, բայց ոչ մի կերպ ավելի ընդունելի ու հարգված։
Աննա Մկրտչյան, քաղաքագետ
Հարակից հրապարակումներ`
- Blooomberg-ը պարզել է, Թրամփի՝ Սոլեյմանիին սպանելու հրամանի մանրամասները
- Սպիտակ տունը բացատրել է՝ որն է եղել գեներալ Սոլեյմանիի սպանության նպատակը
- Իրականում Սոլեյմանիի սպանությունից հետո առաջացած իրադրությունն անակնկալ չէր Իրանի համար. Արմեն Իսրայելյան
- Իրանի հոգևոր առաջնորդը նշանակել է Սոլեյմանիի իրավահաջորդին
- Իրանցիները սգում են, աշխարհն էլ արձագանքում է Սոլեյմանիի մահվանը
- Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական. Եթե Ղասեմ Սոլեյմանին չլիներ, ապա Իրաքն ու Սիրիան կկործանվեին
- Իրանը հերքում է լեգենդար հրամանատար Սոլեյմանիի՝ Սիրիայում զոհվելու մասին տեղեկատվությունը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին