Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնն է
Հունվարի 6-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության տոնը, որը Հիսուսի Սուրբ Ծննդյան և մկրտության հիշատակումն է:
Արարատյան Հայրապետական թեմից մանրամասնում են՝ Աստված մարդացավ և հայտնվեց մարդկանց: Քրիստոսի մկրտության ժամանակ Հայր Աստված վկայում է. «Դա է իմ սիրելի Որդին, որն ունի իմ ամբողջ բարեհաճությունը» (Մատթ. 3:17, Մարկ. 1:11, Ղուկ. 3:22) և Սուրբ Հոգին աղավնակերպ իջնում է Քրիստոսի վրա: Տեղի է ունենում երկրորդ աստվածահայտնությունը: Այսպիսով, Քրիստոսի Ծննդյան և Մկրտության միջոցով հաստատված երկու աստվածահայտնությունները եկեղեցում տոնում են միասին` հունվարի 6-ին «Հայտնություն» կամ «Աստվածահայտնություն» ընդհանուր անվամբ:
Հունվարի 6-ի առավոտյան մատուցվում է Սուրբ Պատարագ, որից հետո` կատարվում է Ջրօրհնեքի կարգ (ըստ ավանդույթի` խաչը ջուրն իջեցնելը խորհրդանշում է Հիսուսի Հորդանան գետը մտնելը): Պատարագիչը խաչով, ապա մյուռոնով օրհնում է ջուրը և հավատացյալներն այդ ջրից տուն են տանում, որպես օրհնություն ու բուժիչ դեղ հիվանդների համար: Այնուհետև քահանան այցելում է հավատացյալների տներն` ավետելու Հիսուս Քրիստոսի Ծնունդը: Այստեղից էլ առաջացել է Տնօրհնեքի կարգը:
Հիսուսի ծնունդն այսպես եղավ: Օգոստոս կայսեր հրամանով կայսրությունում մարդահամար անցկացվեց: Յուրաքանչյուր ոք գնաց իր ծննդավայրը` գրանցվելու: Հովսեփն էլ Սուրբ Կույս Մարիամի հետ Բեթղեհեմ եկավ: Երբ Սուրբ Կույսի հղության օրերը լրացան, և ոչ մի պանդոկում գիշերելու տեղ չգտնվեց, նրանք ստիպված մի քարայրի մեջ տեղավորվեցին, ուր ծնվեց Հիսուսը: Աստծո Որդին մի անփառունակ քարայրում` աղքատության մեջ ծնվեց, ինչը մեր հոգիների ճշմարիտ խորհրդանշանն է: Ծննդյան վկաները մոտակայքի հովիվներն էին, որոնց հրեշտակներն էին տեղեկացրել Փրկչի Սուրբ Ծննդյան մասին` երգելով. «Փառք Աստծուն՝ բարձունքներում և երկրի վրա խաղաղություն և հաճություն՝ մարդկանց մեջ»: (Ղուկ. 2:14): Այնուհետև արևելքից եկան մոգեր, ում մի աստղ էր առաջնորդել, և երկրպագեցին Մանուկին, ընծաներ մատուցեցին ու գնացին իրենց երկրները:
Երեկ՝ հունվարի 5-ին բոլոր եկեղեցիներում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Պահոց շրջանը, որ նախորդում է Սուրբ Ծննդյանը, ավարտվում է հենց Ճրագալույցի Սուրբ Պատարագին մասնակցությամբ:
Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո: Եկեղեցական կյանքում նոր օրը սկսվում է տվյալ օրվա երեկոյից՝ ժամերգությունից հետո: Այս է պատճառը, որ Սուրբ Ծննդյան և Սուրբ Զատկին նախորդող օրերի երեկոյան՝ Ճրագալույցի Սուրբ Պատարագի ընթացքում է եկեղեցին ավետում Բարի Լուրը՝ «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ», «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»:
Ըստ Գրիգոր Տաթևացու՝ Սուրբ Պատարագ է մատուցվում երկու անգամ՝ հունվարի 5-ի երեկոյան՝ Ճրագալույցի, և հունվարի 6-ի առավոտյան՝ Տերունական, որովհետև Քրիստոսի Ծնունդը կեսգիշերին եղավ, իսկ Մկրտությունը՝ կեսօրին, ուստի՝ Ճրագալույցի Պատարագը Քրիստոսի Ծննդյան խորհրդով է, իսկ առավոտյանը՝ Մկրտության:
«Ճրագալույց» նշանակում է ճրագ՝ մոմ վառել՝ լուցանել: Ճրագալույցի պատարագի ընթացքում հատուկ արարողակարգով վառվում են տաճարի ջահերն ու կանթեղները: Քահանաները զգեստավորված գալիս են ատյան, ուր խնկարկելով և «Ուրախացի՛ր, սրբուհի» շարականի երգեցողությամբ սկսում են օրհնաբանել Աստվածամայր Կույսին՝ հայտնելով Քրիստոսի գալուստը: Պատարագի ավարտին մարդիկ եկեղեցում վառած ճրագները դուրս են հանում եկեղեցուց և տանում են իրենց տները, այս կերպ տարածելով, Աստծո լույսը, օրհնությունը: Երեկոյան՝ Ճրագալույցին կատարվող ընթերցումները՝ ճրագների ու կանթեղների լույսի ներքո, խորհրդանշում են մարգարեների աղոտ ծագումը Արդարության Արեգակի հայտնվելուց առաջ: Ճրագալույցը խորհրդանշում է նաև բեթղեհեմյան աստղի լույսը, որն Արեգակից առավել էր, քանի որ առաջնորդեց մոգերին դեպի Հիսուս Քրիստոս, Ով ճշմարիտ Լույսն է:
Սուրբ Գրիգոր Աստվածաբանի խոսքով. «Այսօր նախօրեն ու նախատոնակն է վաղվա մեծ լույսի ծագման: Եվ ինչպես թագավորի գալստյան ավետիսը լսելով՝ նրան սիրողներն ուրախանում ու պատրաստություն են տեսնում կամ ջահերով ընդառաջ գնում նրան, նույնպես էլ մենք»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին