ԱԱԾ-ն ձերբակալել է ֆեյքին
Ազգային անվտանգության ծառայության իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողի ինքնությունը։
ԱԱԾ մամուլի կենտրոնից հայտնում են, որ վերջինս բերման է ենթարկվել և պարզաբանում ներկայացրել՝ իր կատարած գործողությունների վերաբերյալ։
ԱԱԾ-ից հիշեցնում են, որ այս տարվա հունվարի 3-ին, «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան էջում տեղեկատվություն էր հրապարակվել, որ իբր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ԱՄՆ նախագահին՝ Իրանի բարձրաստիճան զինվորականի նկատմամբ կատարված գործողության կապակցությամբ։ Այս կեղծ լուրը տարածում էր ստացել նաև ադրբեջանական և իրանական ԶԼՄ-ներում։ Հրապարակայնորեն՝ ազգային, ռասայական և կրոնական թշնամանք հարուցելուն ուղղված նման բովանդակությամբ կեղծ լուրերի տարածումը, շահարկումը տեղեկատվական-քարոզչական դաշտում Էական վնաս է հասցրել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության շահերին։
Առերևույթ հանցագործության դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն։ «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը ձերբակալվել է։
Ծառայությունը չի հրապարակել ոչ ձերբակալվածի անուն ազգանունը, ոչ էլ Քրեական օրենսգրքի այն հոդվածը, որի հատկանիշներով քրգործ է հարուցվել։
Ըստ ԱԱԾ տարածած տեսանյութի, քաղաքացին նշել է՝ որ հրապարակումն արել է ՀՀ իշխանություններին վարկաբեկելու համար, քանի որ ունի ընդդիմադիր հայացքներ, և «անարդար եմ գտնում Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ պահելը»։
Նրա խոսքով, չի պատկերացրել, որ իր հրապարակած գրառումը կարող է նման մեծ արձագանք ունենալ ու վնաս հասցնել Հայաստանի շահերին ու ազգային անվտանգությանը։
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան