Ավստրալիայի հրդեհները՝ հայ նկարչուհու մարմնին
Ավստրալիայում բռնկված հրդեհների կողքով արվեստը ևս անտարբեր չի անցել։
Նկարչուհի Ազա Փաշինյանը սեփական մարմնի վրա ներկայացրել է Ավստրալիայի հրդեհվող անտառները, փախչող կենդանիներին...
«Ծնվեց մի աշխատանք, որի մասին չկարողացա լռել։ Այն շատ աշխատանքներիցս տարբերվեց իր էմոցիոնալությամբ»,- Panorama.am-ի հետ զրույցում նշում է Ազա Փաշինյանը:
Նկարչուհին անկեղծանում է՝ չի զգացել՝ ոնց է ժամանակն անցնում և քանի ժամ է տևել աշխատանքը. «Լարված աշխատում էի,նկարելու ժամանակ կարծես ես էլ էի այրվում»։
Մարդկային տասնյակի հասնող կյանքեր խլած և կես միլիարդից ավելի կենդանիների անկման պատճառ դարձած հրդեհը, նկարչուհու խոսքով, բառերով նկարագրել հնարավոր չէ։
Նրա խոսքով, ընդհանրապես գոյություն ունեն սահմաններ այն ամենի համար, ինչը մարդկային իմացականությունն ի վիճակի է հասկանալու, իսկ այս դեպքում լեզուն անզոր է։
«Լռիր, կամ ասա մի բան, որ արժի ավելին, քան լռությունը։ Առաջին դեպքն է, որ չկարողացա դիմակայել այս սարսափելի իրականությանը, երբ աչքերս տեսնում էին, միտքս ցանկանում էր, իսկ ձեռքերս ստեղծեցին այս աշխատանքը։ Սովորաբար ես պատկերում եմ տեսողական պատրանքներ, որոնք այդքան էլ չեն համապատասխանում իրականությանը։ Իսկ այս աշխատանքը ցավոք սրտի իրականի արտացոլանքն է»,- նշեց Ազա Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Ավստրալիայում բռնկված անտառային հրդեհների հետևանքով մի քանի հարյուր տներ են այրվել Նոր Հարավային Ուելս նահանգում։ Վերջին տվյալներով, հրդեհի հետևանքով, ութ մարդ զոհվել է, չորս հրշեջ վնասվածքներ ստացել, ևս վեց մարդ համարվում է անհետ կորած։
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան