Փաշինյանի երազանքը, որ ՀՀ-ն 2020-ին կանցնի Ադրբեջանին, ապացուցված չէ. Բագրատյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել, ըստ որի՝ «Արժույթի միջազգային հիմնադրամը» պաշտոնապես հաստատել է գնահատականը, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանն անցել է Վրաստանին, 2020 թվականին կանցնի նաև Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը։
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը նշում է, որ նման բան չկա։
«ՀՆԱ վերաբերյալ տվյալները պաշտոնապես հրապարակում է ՀԲ-ն և ոչ թե IMF-ը։ Իսկ ՀԲ-Ն 2019-ի թվերը սոսկ կամփոփի ապրիլ-մայիսին։ Այս պահին 2020-ի մասին խոսք լինել չի կարող»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Բագրատյանը։
Ըստ Հրանտ Բագրատյանի՝ Փաշինյանի երազանքը, որ ՀՀ-ն 2020-ին կանցնի Ադրբեջանին, ապացուցված չէ.
«Ապացուցված է սակայն, որ, 1995-1999թ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն Ադրբեջանից առաջ է եղել։ Օրինակ, 1996-ին ՀՀ-ում 1 շնչին ընկնող ՀՆԱ-ն եղել է 504 դոլար, Ադրբեջանում՝ 409 դոլար։ Վրաստանից ՀՀ-ն առաջ է եղել 2005-2009թթ։ Սա ի գիտություն Փաշինյանի և նրա հետևորդների համար, որոնք ամեն նախկին աճ թալան են համարում»։
Բացի այդ, 2018-ին բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ով ՀՀ-ն (4212 դոլար) ետ էր մնում Վրաստանից (4717 դոլար) և Ադրբեջանից (4721 դոլար) 12%-ով։
«Ի դեպ, 2017-ին (մինչև Փաշինյանի վարչապետությունը) ետ էր մնում սոսկ 5.9%-ով Ադբեջանից (համապատասխանաբար 3914 և 4147 դոլար) և 11%-ով Վրաստանից (4357 դոլար)։
Ցուցանիշի «բարելավմանը» նպաստել է ոչ թե չկայացած տնտեսական աճը, այլ դրամի կուրսի արժևորումը։ Գլուխ ենք գովում չէ (առանց հասկանալու հետևանքները), որ դրամով գնաճ չկա։ Բայց դոլարով գնաճ կա։ Եվ ուրեմն ամենաիրական ցուցանիշով (1 շնչին ընկնող ՀՆԱ-ն PPP-ով) Հայաստանը (10343 դոլար) ետ է մնում Ադրբեջանից 1.8 անգամ (18044 դոլար), Վրաստանից՝ 1.2 անգամ (12004 դոլար։ Ոչ 2019-ին, ոչ էլ 2020-ին Հայաստանը 1 շնչին ընկնող ՀՆԱ ցուցանիշով ոչ Վրաստանից, ոչ էլ Ադրբեջանից չի անցնի։ Այդ բանը հնարավոր է եղել միայն «թալանի» տարիներին»,- գրել է Հրանտ Բագրատյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան