ՊՊԾ գնդի գրավման գործով ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը տեղափոխվել է հիվանդանոց
ՊՊԾ գնդի գրավման գործով դատական այսօրվա նիստը հետաձգվեց. գործով ամբաստանյալ Մխիթար Ավետիսյանը նիստին չէր ներկայացել: Ամբաստանյալ Վարուժան Ավետիսյանը հայտնեց, որ Մխիթար Ավետիսյանն առողջական խնդիրներ ունի, տեղափոխվել է հիվանդանոց:
«Առավոտյան Մխիթար Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է, տարել են հիվանդանոց։ Շատ սուր որովայնային ցավեր և սրտխառնոց է ունեցել: Ցավազրկող են արել և տարել»,- ասաց նա։
Մեղադրող դատախազի խոսքով, նկատի ունենալով, որ գտնվում են միջնորդությունների քննարկման փուլում, իսկ միջնորդությունների կապակցությամբ ցանկացած մեղադրյալ, ամբաստանյալ իրավունք ունի իր տեսակետն ու կարծիքն արտահայտելու, առկա պայմաններում դատական նիստը շարունակելու հնարավորություն չի տեսնում: Դատավոր Մեսրոպ Մակյանը հայտարարեց, որ ամբաստանյալի բացակայության հիմքով դատական նիստը հետաձգվում է:
Հիշեցնենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռեր» խմբի անդամներից կալանքի տակ շարունակում են մնալ ամբաստանյալներ Արմեն Բիլյանն ու Սմբատ Բարսեղյանը, որոնք մեղադրվում են նաև սպանության մեջ: Մյուսների նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխվել է՝ պատգամավորների անձնական երաշխավորությամբ։ Պավել Մանուկյանն ազատ է արձակվել 1 միլիոն դրամ գրավի դիմաց։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան