Աշխարհն արձագանքում է Իրանի կողմից Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծմանը
Իրանն այսօր վաղ առավոտյան հրթիռային գրոհ է իրականացրել Իրաքում ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ուժերի վրա՝ ի պատասխան ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության, որը մեծացրել է Մերձավոր Արևելքում լայնածավալ պատերազմի վտանգը։
Հաղորդվում է, որ Իրանն իր տարածքից տասնյակից ավելի բալիստիկ հրթիռներ արձակել է առնվազն երկու իրաքյան օբյեկտների ուղղությամբ, որոնցում գտնվում են ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող կոալիցիայի զինված ուժերը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերում գրել է, որ «ամեն ինչ լավ է» և ինքը հանդես կգա հայտարարությամբ։
Երկրներն արձագանքում են Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազաների ռմբակոծմանը։
Եվրոպական Միություն
Եվրոպական հանձնաժողովը կոչ է արել անհապաղ դադարեցնել Մերձավոր Արևելքի հակամարտությունում զենքի օգտագործումը՝ Վաշինգտոնի և Թեհրանի միջև լարվածության սրման պայմաններում՝ կոչ անելով ջանքեր գործադրել երկխոսությունը վերսկսելու համար:
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը Լոնդոն մեկնելուց առաջ կայացած ճեպազրույցում ասել է, որ կքննարկի իրավիճակը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ:
«Զենքի օգտագործումը պետք է դադարեցվի՝ երկխոսության համար տեղ բացելու համար», - ասել է ԵՄ հանձնաժողովի նախագահը։
Գերմանիա
Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարրենբաուերը հայտարարել է, որ իր երկիրը «մերժում է այս ագրեսիան՝ հնարավորինս խիստ ձևով»:
Նա գերմանական հանրային հեռուստաընկերությանն ասել է, որ «այժմ հատկապես իրանցիները չպետք է ներգրավվեն հետագա էսկալացիայում»։ Նշվում է, որ Իրաքում տեղակայված գերմանական զինծառայողներից ոչ մեկը չի տուժել:
Արաբական Միացյալ Էմիրություններ
Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարար Անվար Գարգաշը հայտարարել է, որ անհրաժեշտ է՝ տարածաշրջանը հետ կանգնի ներկայիս «անհանգստացնող» լարվածությունից:
«Դեսկալացիան ինչպես խոհեմ, այնպես էլ անհրաժեշտ է: Դեպի կայունություն տանող քաղաքական ուղին պետք է հետևի»,-գրել է նախարարը թվիթերում։
Մեծ Բրիտանիա
Բրիտանիան դատապարտել է Իրանի կողմից հրթիռային գրոհները Իրաքում գտնվող ռազմաբազաների վրա, որոնցում գտնվում են ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիոն ուժերը, այդ թվում նաև բրիտանացի անձնակազմը:
«Մենք դատապարտում ենք Իրաքում կոալիցիոն ուժերի ռազմաբազաների վրա հարձակումը։ Մենք Իրանին կոչ ենք անում չկրկնել այս անխոհեմ և վտանգավոր գրոհները, և փոխարենը հետամուտ լինել լարվածության հրատապ թուլացմանը»,-ասել է Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Դոմինիկ Ռաաբը:
Իրաք
Իրաքի զինված ուժերը հայտնել են, որ այսօր առավոտյան արձակված 22 հրթիռների արձակման հետևանքով իր Իրաքի ուժերում զոհեր չեն եղել:
Նշվում է, որ 2020 թվականի հունվարի 8-ի վաղ առավոտյան Իրաքը 1:45-ից 2:45-ն ընկած ժամանակահատվածում 22 հրթիռներով ռմբակոծվել է։ Աին ալ-Ասադ ավիաբազայի վրա ընկել է 17 հրթիռ, որոնցից 2-ը չեն պայթել, 5-ը՝ Էրբիլ քաղաքում, որոնք ընկել են կոալիցիոն ուժերի շտաբի վրա:
Ճապոնիա
Ճապոնիան կառավարություններին հորդորում է անել հնարավոր ամեն ինչ՝ հրթիռային հարվածներից հետո լարվածությունը մեղմելու համար: Հաղորդվում է, որ վարչապետ Շինձո Աբեն չեղարկում է այս շաբաթավերջին նախատեսված այցը Սաուդյան Արաբիա, ԱՄԷ և Օման:
Ճապոնիան ռազմանավ է ուղարկում Պարսից ծոց՝ այդ տարածքով անցնող ճապոնական նավերն ու նավթային տանկերները պաշտպանելու համար:
Ավստրալիա
Հարձակումներից հետո Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ Իրաքում իր երկրի զորքերն ու դիվանագիտական անձնակազմն անվտանգ են: Նշվում է, որ Իրաքում է գտնվում մոտ 300 ավստրալական պաշտպանական անձնակազմ։
Մորիսոնը նշել է, որ նախօրեին Թրամփի հետ քննարկել է ԱՄՆ-ի և Իրանի միջև տիրող իրավիճակը՝ Ավստրալիայում մոլեգնող հրդեհների շուրջ զանգի ժամանակ:
Ֆիլիպիններ
Ֆիլիպինների ԱԳՆ-ն իր քաղաքացիներին հրահանգել է լքել Իրաքը։ Գերատեսչությունը հայտնում է, որ Իրաքում Ֆիլիպինների 1600 քաղաքացիներ աշխատում են Իրաքում։
Պակիստան
Պակիստանը հայտարարություն է տարածել, որով խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին, որոնք ծրագրում են այցելել Իրաք՝ «առավելագույն զգուշություն» ցուցաբերել՝ հաշվի առնելով վերջին զարգացումները և տարածաշրջանում տիրող անվտանգության իրավիճակը։
Դանիա
Դանիայի զինված ուժերը թվիթերում գրառման մեջ նշել է, որ չորեքշաբթի օրը Իրաքի Ալ-Ասադ ավիաբազայի վրա հրթիռային հարվածի հետևանքով ոչ մի դանիացի զինծառայող չի վիրավորվել կամ զոհվել: Դանիան մոտ 130 զինծառայող ունի Իրաքում Կոալիցիոն ուժերի կազմում։
Հնդկաստան
Հնդկաստանը ևս իր քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իրաք այցերից, իսկ բոլոր նրանք, որոնք արդեն երկրում են՝ պետք է զգոն լինեն ու խուսափեն երկրով մեկ շրջելուց։
Նոր Զելանդիա
Նոր Զելանդիայի վարչապետի պաշտոնակատար Ուինսթոն Պիտերսը մտահոգություն է հայտնել Իրանի և ԱՄՆ-ի միջև ռազմական գործողությունների սրման կապակցությամբ:
«Այժմ ժամանակն է զսպման, լարվածության թուլացման և դիվանագիտության համար», - ասել է Պիտերսը:
Նոր Զելանդիան Իրաքում ունի 50 զինծառայող։ Թաջի բազան, որտեղ հիմնականում տեղակայված են երկրի զինծառայողները, հարձակման չի ենթարկվել։
Լեհաստան
Լեհաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ Իրաքում տեղակայված լեհական զորքերը չեն տուժել հրթիռային հարձակման ժամանակ:
Նշվում է, որ Իրաքում լեհ զինվորներից և ոչ մեկը չի տուժել Ալ-Ասադի և Էրբիլի հենակետերի ուղղությամբ հրթիռակոծությունների հետևանքով:
Չինաստան
Չինաստանի արտաքին գործերի նախարարությունը ևս կոչ է անում զսպվածություն ցուցաբերել։
Հարակից հրապարակումներ`
- Իրանագետ. Լինելով տարածաշրջանային երկիր՝ որոշակի վտանգ մեզ էլ է սպառնում
- Իրանի արտգործնախարարը Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծումն անվանել է ինքնապաշտպանական գործողություն
- Իրանը հրթիռակոծել է Իրաքում ԱՄՆ ուժերին, Թրամփն ասում է «ամեն ինչ լավ է»
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին