«Երբ որ ժողովուրդը պետք է լինում, օգտագործում են, իսկ երբ պրծնում են, ժողովրդին սրբում, լցնում են ջուրը»
Մարալիկ քաղաքի և հարակից գյուղերի բնակիչները, որոնք առավոտից փակել էին Գյումրի-Երևան մայրուղին այդպես իրենց դժգոհությունը հայտնելով առողջապահության նախարարի որոշման դեմ, բացել են ճանապարհը պայմանով, որ եթե հարցին ողջամիտ լուծում չտրվի, կրկին փակելու են: Նախքան նման որոշման գալը, նրանք հանդիպեցին Մարալիկ մեկնած առողջապահության նախարարության ներկայացուցիչների հետ:
«Մեր ժողովուրդն անելանելի վիճակում է: Պատճառաբանում են, որ քիչ ծնունդ է եղել: Մեկ տարում ունեցել ենք 106 ծնունդ, ասում են՝ պետք է լինի տարեկան 150 ծնունդ: 17 գյուղից 5-6 գյուղ ենք սպասարկում, տրանսպորտ չեն տալիս, որ մարդիկ գան, օգտվեն մեր բաժանմունքից:
Նախարարությունը պատճառաբանում է, թե համապատասխան մասնագետներ չունենք: Մեր մանկաբույժը 30 հազար դրամով էր աշխատում: Ինչո՞վ ապրի: Բերեք ֆինանսավորում, սուբսիդավորում արեք: Տեր չկա այս երկրում: Հղիները բողոքում են, որ ի վիճակի չեն հասնել Գյումրի: Ինչո՞ւ են ստիպում հասնել Գյումրի, իսկ եթե ճանապարհին հղին կորցնի իր երեխային, ո՞վ է պատասխան տալու: Չկա մասնագետ, բերեք մասնագետներ: Նախարարությունից ասում են որակավորում չունենք: Մեր բժիշկը միայնակ է աշխատել, 13 անձնակազմով 106 ծնունդ է ընդունել, որևէ մեկի թքից արյուն չի եկել: Ինչպե՞ս կարող են ասել որակավորում չունենք»,- ասում են ծննդատան աշխատակիցները:
Բողոքները նշում են, որ Գյումրին Մարալիկի համեմատ մեծ քաղաք է, բայց երկուսի դեպքում էլ չափանիշ է սահմանված տարեկան 150 ծնունդ: Ծննդատան աշխատակիցներն ու բողոքող քաղաքացիներն ասում են, որ նախարարությունը պետք է քայլեր ձեռնարկի ու համալրի Մարալիկի ծննդատան անձնակազմը, այդ դեպքում նաև ծնունդները կավելանան:
«Առողջապահության մինիստրը դնում սաղ ծախում ա, փողերը դնում ջեբը, մի…Էս խեղճ ժողովուրդն ի՞նչ անի: Մարդիկ սոված մեռնում են, հնարավորություն չունեն, աշխատանք չկա, իրանք փախնում են, շենքեր են ծախում, հիվանդանոց են ուզում քանդել, էս ամբողջ շրջանի ժողովուրդն ի՞նչ անի, 17 գյուղ է։ Էդպիսիներին պետք է Փաշինյանը հանի, վռնդի», - ասաց մարալիկցիներից մեկը։
Մեկ ուրիշը շարունակեց. «Ժողովուրդը փող չունի, մտածել եք՝ ո՞նց պետք է քաղաքացին վճարի Գյումրի հասնելու համար»:
«Երբ որ ժողովուրդը պետք է լինում, օգտագործում են ժողովրդին, ասում են՝ հելեք, պայքարեք, դուխով, իսկ երբ պրծում են, ժողովրդին սրբում, լցնում են ջուրը: Դա ի՞նչ է: Վաղը դպրոց կփակեն, մյուսը, մյուսը կփակեն: Ի՞նչ երկիր է, այստեղի ժողովուրդը ժողովուրդ չէ»,- բողոքում է քաղաքացին:
Առողջապահության նախարարության ներկայացուցիչներն ասացին, որ մարզպետարանի աշխատակիցների հետ քննարկում կանցկացնեն. «Ոչ մի բան չենք խոստանում, միայն խոստում ենք քննարկել»:
«Այս ծննդատունը չպետք է փակվի, ինչ ուզում եք, քննարկե»,- ասացին քաղաքացիները:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարի որոշմամբ 2020 թվականի հունվարի 1-ից Մարալիկի ծննդօգնության ծառայությունների ֆինանսավորումը դադարեցվել է:
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ-ն ուսումնասիրություն է սկսել Մարալիկի ծննդատան փակման առնչությամբ
- Մարալիկցիները փակել են Երևան-Գյումրի ճանապարհը
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին