Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն տարածաշրջանի երկրների համեմատ չի կարող բարձր լիներ. տնտեսագետ
Քանի դեռ պաշտոնական տվյալները չեն հրապարակվել, ճիշտ չէ ասել, որ մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքով Հայաստանը 2019-ին առաջ է անցել Վրաստանից, իսկ 2020 թվականին՝ կանցնի նաև Ադրբեջանից։ Այս մասին Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տնտեսագետ Կառլեն Խաչատրյանն՝ անդրադառնալով Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։
Արժույթի միջազգային հիմնադրամի (IMF) տվյալներով, 2019 թվականին Հայաստանում մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կազմել է 4530 դոլար, Վրաստանում՝ 4290, իսկ Ադրբեջանում՝ 4690 դոլար։ ԱՄՀ-ի գնահատականի համաձայն, 2020 թ-ին Հայաստանում մեկ շնչին բաժին կընկնի 4760 դոլար, Ադրբեջանում այն կկազմի 4720, իսկ Վրաստանում՝ 4630 դոլար։
Կառլեն Խաչատրյանը նշեց, որ վերջին մեկ տարում Հայաստանի տնտեսական ակտիվությունը բարձր է եղել, կանխատեսումների համաձայն, 2019 թ-ի տնտեսական ակտիվության ցուցանիշը տարածաշրջանում կլինի ամենաբարձրը՝ ակնկալվում է 5.5 տոկոս տնտեսական աճ, սակայն այս դեպքում էլ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն տարածաշրջանի երկրների համեմատ չի կարող բարձր լիներ։
«Թե Հայաստանը, թե տարածաշրջանի երկրները չունեն 2019 թվականի ամփոփ վիճակագրական տվյալներ, կան միայն կանխատեսումային ցուցանիշներ, թե ինչպես տարին կփակվի։ Իրականում այդ տվյալների ամփոփումը բավական ժամանակ է պահանջում, դրանք սովորաբար լինում են ապրիլ-մայիս ամիսներին։ Ուստի, քանի դեռ չկան պաշտոնական հստակ ցուցանիշներ, ճիշտ չէ համեմատություններ անել»,- ասաց տնտեսագետը։
Կառլեն Խաչատրյանի խոսքով՝ ԱՄՀ-ն ևս մոտավոր հաշվարկների հիման վրա նախնական ցուցանիշներ է հրապարակել, այսինքն, ըստ նրա, ԱՄՀ-ն չի կարող հստակ ֆիքսել, թե 2019 թ-ին Հայաստանում մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն որքան է կազմել։
«Օրինակ, եթե դեկտեմբերի 30-31-ին մեր երկրում ինչ-որ բան է արտադրվել կամ արտահանվել, դա նշանակում է, որ հունվարի 1-ի դրությամբ այդ տվյալները դեռևս չէին կարող ամփոփվել։ Այսինքն՝ ցանկացած կառույց մոտավոր թվեր է ներկայացնում, մենք գործ ունենք մոտավոր կանխատեսումների հետ»,- ընդգծեց տնտեսագետը։
Կառլեն Խաչատրյանը նշեց նաև՝ չպետք է անտեսել այն հանգամանքը, որ Ադրբեջանում և Վրաստանում ևս տնտեսական աճ է գրանցվել։ Բացի այդ, ըստ նրա՝ 2019 թ-ի հունվար-սեպտեմբերին Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, Հայաստանի մշտական բնակչության թիվը փոքր-ինչ նվազել է, և երբ այդ ՀՆԱ-ն բաժանում են ավելի քիչ բնակչության վրա, պարզ է, որ մեկ շնչին բաժին ընկնող ՀՆԱ-ն պետք է աճեր։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանի երազանքը, որ ՀՀ-ն 2020-ին կանցնի Ադրբեջանին, ապացուցված չէ. Բագրատյան
- Ադրբեջանին դեռ չենք անցնել, բայց կանցնենք. Փաշինյան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում