ԱԱԾ-ն դիտում ու չի պատասխանում հարցմանը
ԱԱԾ-ում, պարզվում է, բավականին աշխատանք են կատարել վարչապետ Նիկոլ Փաշինյանից ստացած՝ QR կոդի և սատանայի միջև հնարավոր կապը պարզելու մասին հանձնարարականի վերաբերյալ։ Այնքան շատ, որ հարցին բանավոր պատասխանել անհնար է։
ԱԱԾ մամուլի կենտրոնից Panorama.am-ին ասացին՝ գրավոր հարցում է հարկավոր, հիմնավորեցին. «Մի մարդ չէ պատասխանողը, մի քանի հոգի են, ում մոտ պետք է անցնի գրավոր հարցումը։ Այդ պատճառով միայն գրավոր են այդ հարցին պատասխանում»։
Ծառայության մամուլի կենտրոնից նաև ասացին, հարցը լրատվամիջոցները շատ են տվել, բոլորին նույն բանն են հորդորել։
Հետաքրքիր է՝ հանրային մեծ հետաքրքրություն ներկայացնող հարցի վերաբերյալ ինչո՞ւ ԱԱԾ-ն սեփական նախաձեռնություն հանդես չի բերում ու չի հրապարակում կատարված աշխատանքի արդյունքներն ու բացահայտումները։
Հիշեցնենք, որ անցած տարվա նոյեմբերի 14-ին կառավարության նիստում վարչապետը հայտարարեց, որ ԱԱԾ տնօրենի պաշտոնակատար Էդուարդ Մարտիրոսյանին հանձնարարական է տվել՝ պարզել, որդյո՞ք QR կոդը սատանայի հետ որևէ կապ ունի, թե՞ ոչ։
«Առանց կատակի, ես այդպիսի հանձնարարական տվել եմ՝ պարզել որոշ շրջանակների ու սատանայի համագործակցության ձևերն ու ուղիները։ Ծիծաղում եք, բայց, իրոք, եթե կա պնդում, պետք է դա պարզվի, ի վերջո ազգային անվտանգության խնդիր է»,-ասել էր նա։
Իսկ այժմ գրավոր հարցման մասին։ Panorama.am--ը այս հարցով գրավոր հարցում արել է ԱԱԾ-ին դեռևս 2019-11-22 -ին։ ԱԱԾ-ի էլեկտրոնային կայքը ցույց է տալիս, որ մեր հարցումը դիտվել է։ Դիտել են ու չեն պատասխանել։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան