«Արցախը մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Վրաստանին»
«2020 թվականի համար Կենտրոնական բանկը ակնկալում է 4.9 % տնտեսական աճ, բայց կան նաև այլ կանխատեսումներ՝ 4.8% և 4.6%»,- այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում նշեց Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանը։
Նրա խոսքով, տարվա ավարտին Հայաստանը կգրանցի 4.6-4.9%-ի շրջանակում տնտեսական աճ։
Անդրադառնալով տարվա ընթացքում ակնկալվող թանկացումներին՝ Միքայելյանը նշեց, որ հիմնական թանկացումը զգացվելու է մեքենայի շուկայում։
«Պետք է ասել, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո մոտավորապես 1000 ապրանքանիշ ունեցել է ժամանակավոր զեղչեր։ Դրանց մեծ մասը կանցնի հիմա։ Ամենամեծ թվով ապրանքների համար ներմուծման տուրքը կբարձրանա այս տարի, բայց դա ոչ բոլոր ապրանքներին է վերաբերում։ Հատկապես մեքենաների մասին է խոսքը։ Էկոնոմիկայի նախարարության հաշվարկով դա կբերի 0.5 %-ի չափով թանկացման, իհարկե, սա նախնական գնահատական է, մարտ-ապրիլ ամիսներին արդեն պարզ կլինի։ Չեմ կարծում, որ այդ թանկացումը կլինի շատ ցավալի, քանի որ դա պայմանավորված կլինի բարձրացած ներկրման տուրքերով։ Իսկ դա նշանակում է, որ բյուջեի աճ կլինի»,- նշեց Հրանտ Միքայելյանը։
Անդրադառնալով վարչապետի երեկվա հայտարարությանը, որ Հայաստանը մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով գերազանցում է Վրաստանին, Միքայելյանը նշեց, որ դժվար է հարևան երկրների ՀՆԱ-ների հետ համեմատություններ անելու համար միայն Միջազգային արժութային հիմնադրամից մի թիվ վերցնելը. «Այդտեղ կան խնդիրներ, օրինակ, Հայաստանը 2015 թվականից հաշվում է իր ՀՆԱ-ն նոր մեթոդաբանությամբ, իսկ դա ՀՆԱ-ի չափը մեծացնում է 7%-ով։ Իսկ Վրաստանը այդ համակարգին անցել է 2019 թվականից, բայց Միաջազգային արժութային հիմնադրամի տվյալների մեջ դա ներառված չէ։ Այսպիսով՝ Հարավային Կովկասից միայն Հայաստանն ունի այս բոնուսը»։
Բացի այդ, Միքայելյանի խոսքով, բնակչության ոչ ճշգրիտ հաշվարկն էլ դեր ունի։ Օրինակ, Հայաստանում բնակչության իրական թիվը ավելի պակաս է, քան ներկայացվում է։ Իսկ ինչ վերաբերում է Վրաստանին, այնտեղ բնակչության թիվն ավելին է, քան ներկայացված է։
Միքայելյանը նշեց, որ մեկ շնչին տրամադրվող գումարով Հայաստանը 500 դոլարով գերազանցում է Վրաստանին։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Միքայելյանի խոսքով, Ադրբեջանում մեկ շնչին հասնող գումարը 70%-ով գերազանցում է Հայաստանի տվյալներին։
«Եթե Հայաստանում այս տարի մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն կկազմի 4.5 հազար դոլար, ապա Ադրբեջանում 7.7 հազար դոլար կլինի։ Սա նշանակում է, որ Հայաստանը մոտակա տարիներին Ադրբեջանին գերազանցելու հնարավորություն չունի»,- ասաց Միքայելյանը։
Եվս մեկ կարևոր հանգամանք. Արցախը 2019-ին մեկ շնչին հասնող ՀՆԱ-ով գերազանցում է և՛ Հայաստանին, և՛ Վրաստանին. «Այնտեղ մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն 4.8 հազար դոլար է»։