Թադևոս Ավետիսյան. «Հեղափոխական ընտրյալները»՝ բարձրաստիճանները եռապատկեցին իրենց վարձատրությունը
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանը հերթական հոդվածում անդրադարձել է պաշտոնյաների աշխատավարձերին։
Նա գրում է.
«2019 թվականը բացասական իմաստով նաև աննախադեպ էր աշխատավարձերի չափերի փոփոխության առումով:
Օրվա իշխանությունները շարունակեցին իրենց հերթական խոստումը. «առաջին հերթին և միջինից առավել բարձր տեմպերով ապահովելու են աշխատող աղքատների՝ ցածր եկամուտ ունեցողների վարձատրության աճը»:
Իսկ պաշտոնական վիճակագրությամբ արձանագրվեց ճիշտ հակառակ պատկերը:
Մասնավորապես, 2019 թվականին մեր երկրում միջին աշխատավարձը նախորդ տարվա համեմատ աճել է ընդամենը 5,9 տոկոսով, ընդ որում՝ առաջին անհրաժեշտության ապրանքների գնաճից ավելի քիչ չափով: Իսկ 2020 թվականի պետական բյուջեում կանխատեսվող միջին աշատավարձի աճը հավասար է գնաճին:
Նվազագույն ամսական աշխատավարձի չափը 2019 թվականին չի բարձրացվել: Եվ սա այն դեպքում, երբ մեր երկրում աշխատողների շուրջ 25 տոկոսն աղքատ են: 2020 թվականին նվազագույն ամսական աշխատավարձը կբարձրանա 23 տոկոսով, սակայն շուրջ 10 տոկոսի չափով կունենանք նաև առաջին անհրաժեշտության ապրանքների իրական գնաճ:
Մյուս կողմից էլ՝ 2020 թվականին չի նվազելու մինչև 150000 դրամ ամսական աշխատավարձ ստացող՝ աշխատողների 65 տոկոսի եկամտային հարկի բեռը: Այս աշխատողների շուրջ 40 տոկոսն աշխատող աղքատներ են:
Փոխարենը՝ 2020 թվականին էապես նվազելու է բարձր վարձատրությամբ աշխատողների հարկային բեռը: Օրինակ՝ ամսական շուրջ 2,2 միլիոն դրամ վարձատրություն ունեցող նախարարի եկամտային հարկի բեռը կնվազի շուրջ 35 տոկոսով:
Պետական համակարգի վարձատրության ընդհանուր չափերը որոշող բազային աշխատավարձը չի բարձրացվել և 2020 թվականին ևս մնալու է նույնը: Այսինքն՝ կրտսեր և միջին պաշտոններ զբաղեցնող աշխատողների աշխատավարձը չի բարձրանալու և նրանց իրական եկամուտները կրճատվելու են սպասվող գնաճի հաշվին:
Փոխարենը՝ գոնե այս պահին հանրությանը հայտնի տեղեկատվությամբ 2019 թվականին բարձրաստիճան պաշտոնյաների (նախարար, մարզպետ, նախարարի և մարզպետի տեղակալներ, աշխատակազմի քարտուղարներ և այլն) վարձատրությունը եռապատկվել է խնդրահարույց պարգևատրումների և ինքնապարգևատրումների հաշվին:
Իսկ 2020 թվականին բարձրաստիճանների իրական եկամուտները կաճեն ևս 35 տոկոսով՝ եկամտային հարկի հակասոցիալական փոփոխությունների հետևանքով:
Պատկերն ավելի առարկայական կդառնա բարձրաստիճան պաշտոնյաների համար պետական բյուջեից կատարվող ընդհանուր ծախսերի ներկայացման պարագայում:
Ասենք նախարարի օրինակով՝ ամսական աշխատավարձը կազմում է 794 հազար դրամ, ամսական միջինը ստանում է շուրջ 1,4 միլիոն դրամի չափով պարգևատրում, նրան սպասարկող վարորդի ամսական միջին վարձատրությունը կազմում է շուրջ 140 հազար դրամ, իսկ նրա ծառայողական ավտոմեքենայի պահպանման ծասսը՝ ամսական շուրջ 120 հազար դրամ: Փաստորեն, յուրաքանչյուր նախարարի համար պետական բյուջեից ծախսվում է ամսական շուրջ 2 միլիոն 450 հազար դրամ՝ նվազագույն ամսական աշխատավարձի շուրջ 30-ապատիկը: Ընդ որում՝ ներկայացված հաշվարկում ներառված չեն գործուղումների ծախսերը:
Ակնհայտ խնդիր են նաև բարձրաստիճան այդ «ընտրյալների» աշխատանքի պահպանվող ցածր որակն ու անպատժելիությունը, որի մասին պարբերաբար ներկայացնում ենք բազմաթիվ կոնկրետ փաստեր և մասնագիտական գնահատումներ»։
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան