Պուտինն ու Էրդողանն այսօր կբացեն Թուրքական հոսք գազատարը
Ռուսական գազը Թուրքիա և Եվրոպական երկրներ արտահանող «Թուրքական հոսք» գազատարը պատրաստ է գործարկման։ Այսօր՝ հունվարի 8-ին, Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը կմասնակցեն բացման պաշտոնական արարողությանը: Այս մասին գրում է euronews-ը։
Գազատարը սկիզբ է առնում ՌԴ Անապայի շրջանում, անցնելով Սև ծովի հատակով, հասնում Թուրքիայի հյուսիսարևմտյան Կիրկլարելի նահանգ։
Գազատարի շինարարության միջկառավարական համաձայնագիրը ստորագրվել էր 2016 թվականի հոկտեմբերին Ստամբուլում, այնուհետև փաստաթուղթը վավերացվել էր Թուրքիայի խորհրդարանի և Ռուսաստանի Դումայի կողմից:
Թուրքական հոսքի երկարությունը շուրջ 1100 կիլոմետր է, որից 930-ը ջրի տակ է։ Երկու զուգահեռ գազատարի ընդհանուր հզորությունը տարեկան 31,5 միլիարդ խորանարդ մետր է, որից մեկով գազը մատակարարվելու է թուրք սպառողներին, իսկ մյուսը նախատեսված է հարավարևելյան Եվրոպայի երկրներին գազ մատակարարելու համար: