Հունվարի 1-ից ապակիների լուսաթափանցելիության չափի խախտման դեպքում կկիրառվի վարչական պատասխանատվություն
Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 123-րդ հոդվածի 6-րդ մասում կատարված փոփոխության արդյունքում 2020 թվականի հունվարի 1-ից ապակիների լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ կարգի խախտմամբ վարագուրապատված տրանսպորտային միջոցներ վարելու դեպքում իրավախախտման հատկանիշները վերացնելը, այն է՝ թաղանթապատումը, ապակիների լուսաթափանցելիության չափի խախտումը վերացնելը կամ վարագույրը հանելը այլևս չի ազատում վարչական պատասխանատվությունից։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Այսինքն տրանսպորտային միջոցը առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում կամ լուսաթափանցելիության չափի խախտմամբ կամ կարգի խախտմամբ վարագուրապատված վիճակում վարելու փաստով կազմված արձանագրությունը այլևս չի բեկանվելու։
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է տրանսպորտային միջոցները համապատասխանեցնել օրենսդրությամբ սահմանված պահանջներին: