ԱՄՆ-ն ու Իրանը անմիջական բախման չեն գնա. Սարգիս Գրիգորյան
«Լարված մթնոլորտը գոնե միաժամանակ մեղմվեց»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց իրանագետ Գոհար Իսկանդարյանը՝ անդրադառնալով ԱՄՆ-Իրան հարաբերությունների վերջին զարգացումներին։
Իսկանդարյանի խոսքով, կողմերը կարողացել են գալ այն եզրահանգմանը, որ այս պահին անհրաժեշտություն չկա նոր էսկալացիայի։
«Հիմա խնդիրը հաղթահարելու հարցն է բաց, այն սառեցվեց, բայց չվերացավ։ Լուծումների հիմնական հնարավորությունը քննարկումներ անցկացնելն է, որի շնորհիվ կողմերը վեր կհանեն կուտակված խնդիրները, որոնք խոչընդոտում են հարաբերություններին։ Բայց այսօր նրանք դեռ պատրաստ չեն բանակցությունների, քանի որ անընդհատ «եթե»-ներ են առաջ քաշում»,- նշեց Գոհար Իսկանդարյանը։
Իրանագետը նշեց, որ այսօր ՄԱԿ-ում քննարկում է լինելու, իսկ ԱՄՆ-ը ԻԻՀ արտաքին գործերի նախարարին այդպես էլ չի տրվել վիզա, որպեսզի նա մասնակցի քննարկումներին, ինչի իրավունքն ունի։ Իրանագետի խոսքով, Զարիֆին վիզա չտրամադրելը խախտում է ՄԱԿ-ի կանոնադրության որոշ կետեր։
Ինչ վերաբերում է իրավիճակի մասին հայկական կողմի արձագանքներին՝ Գոհար Իսկանդարյանն ասաց՝ ինչ անհրաժեշտ էր, արվեց. «Քննարկումներ եղան ԱԳՆ-ում, ՊՆ-ում, որից հետո Զարիֆը զանգահարեց տարածաշրջանի երկրների ԱԳՆ-ներին, որի ընթացքում ՀՀ արտաքին գործերի նախարարը ցավակցեց նրան։ Բացի այդ դեսպանատանը բացվել է սգո մատյան»։
Իսկանդարյանը նշեց, որ խնդիրը ՀՀ-ինը չէ, և նա չի կարող միջամտել կամ լուծումներ առաջարկել։
«Մեր խնդիրն է, լինելով ԻԻՀ հարևանը, ուղերձ հնչեցնել, որ լարվածությունը անհանգստացնում է նաև ՀՀ-ին և նրա հասարակությանը»,- նշեց Իսկանդարյանը։
Անդրադառնալով խնդրին՝ արաբագետ Սարգիս Գրիգորյանը նշեց, որ երկու երկրներում էլ 2020-ին ընտրություններ են սպասվում, և կողմերը անմիջական բախման չեն գնա։ Բայց բացառել, որ լոկալ բախումներ տեղի կունենան, իհարկե, պետք չէ։
«Արդեն կան բախումներ, գիշերը էլի Բաղդադում ԱՄՆ դեսպանատան մոտ հրթիռներ են ընկել. պրոիրանական որոշ խմբավորումներ դեռևս ախորժակ ունեն և իրենց ուժն են ցույց տալիս։ Կարծում եմ, որ երկու երկրները ուղղակի ցույց տվեցին իրենց ուժը։ Հիմա, որոշակի էսկալացիաների գնալով, փորձում են նվազեցնել լարվածությունը»,- նշեց Գրիգորյանը։
Արաբագետը նշեց, որ ԱՄՆ-ը դուրս չի գա տարածաշրջանից, քանի որ, իրենց հիմնավորմամբ, Իրաքը դեռևս պատրաստ չէ ընդհանուր վտանգը չեզոքացնելուն. «ԱՄՆ-ը ամեն կերպ կփորձի իշխանությունը պահպանել տարածաշրջանում՝ որոշ ճամբարների իր կողմը գրավելով։ Շատ լրացուցիչ ծախսեր չեն լինի, զոհեր չեն լինի, բայց ԱՄՆ-ը միջնորդավորված ձևով իր իշխանությունը կպահպանի»։
Մերձավորարևելյան զարգացումների ընթացքում Ադրբեջանը հակահայկական քարոզչություն կարողացավ իրականացնել, որն ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանի գնահատմամբ, սկսվեց ֆեյսբուքյան գրառումով, որտեղ կեղծ օգտատերը նշել էր, թե Հայաստանը ողջունում է ԱՄՆ-ի քայլը՝ ընդդեմ Իրանի։
«Դա իրենց հատուկ գործելաոճն է։ Եթե ամեն օր նայենք ադրբեջանական մամուլը, նույնիսկ առանց ֆեյսբուքյան էջի հղման որոշ նյութեր են նրանք գրում և սկսում գեներացնել։ Այս դեպքում կար ֆեյսբուքյան օգտատեր, և նրանք թարգմանել էին վերջինիս գրառումը ոչ միայն ադրբեջաներեն, այլ նաև պարսկերեն։ Այս տարբերակով նրանք փորձում էին Իրանում հակահայկական տրամադրություն առաջացնել։ Ըստ էության, իրենց մոտ դա չհաջողվեց, քանի որ իրանական դաշտում, նույնիսկ սոցցանցերոմ չէր տարածվում։ Իսկ հայկական կողմի տեսակետը հրապարակվեց իրանական դաշտում»,- նշեց Հովհաննիսյանը։
Հարակից հրապարակումներ`
- Դոնալդ Թրամփ. Ժամանակն է, որ Եվրոպան «հրաժարվի» Իրանի միջուկային գործարքի մնացորդներից ու պահանջի նոր համաձայնագիր
- «Դիանա Հարությունյան» ֆեյսբուքյան կեղծ էջը վարողը կալանավորվել է
- Մնացականյանը Զարիֆի հետ հեռախոսազրույցում կարևորել է հետագա լարվածության կանխումը