Պաշտպանական կողմը հայտարարեց՝ դատարանի դահլիճում իրենց հասցեին սպառնալիք հնչեց
Այսօրվա նիստում դատարանը լսեց նաև Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանի՝ իր պաշտպանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու միջնորդությունը։
Հիշեցնենք, որ նման միջնորդություն ներկայացրել էր նաև Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը։
«Ընդհանուր մեղադրական եզրակացությունը, որպես մեղադրյալ պարոն Խաչատուրովին մեղադրանք առաջադրելու որոշումն ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ ըստ էության Յուրի Խաչատուրովին մեղադրանք է առաջադրվել 2008 թ, ենթադրաբար փետրվար կամ մարտ (դա էլ հասկանալի չէ մեղադրանքի որոշումից, այդ պատճառով ես մոտավորապեսներով եմ խոսում) ամիսներին տեղի ունեցած ինչ-որ իրադարձությունների համար»,-ասաց Մ. Պողոսյանը։
Նա ընդգծեց, որևէ մեկը չի կարող դատապարտվել գործողության կամ անգործության համար, որը կատարման պահին քրեական հանցագործություն չի հանդիսացել, իսկ հետագայում անձի իրավական վիճակը վաթարացնող օրենքները հետադարձ ուժ չունեն՝ հիշեցնելով, որ 2009 թվականին Քր. Օրենսգրքի 300 հոդվածն ոըժը կորցրած է համարվել, ընդունվել է 300.41 հոդվածը, ինչի արդյունքում անձանց մի շրջանակի՝ Սասուն Միքայելյանի, Ալեքսանդր Արզումանյանի և այլոց նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է ուժը կորցրած ճանաչելու հիմքով։
Մեղադրող դատախազ Բաղդասարյանն առաջարկեց, որ բոլոր միջնորդությունները նույնաբովանդակ են, ուստի իրենք կարձագանքեն մեկ անգամ բոլոր միջնորդությունները լսելուց հետո։
Պողոսյանի ելույթում հնչած «ինչ-որ իրադարձություններ» արտահայտությունն առաջացրեց տուժող կողմի վրդովմունքը։ Տուժողներից մեկը՝ դատավորի կողմից տիկին Թորոսյան ներկայացրած կինն արձագանքեց. «Հանկարծ չփորձեք ոտնահարել մարտի մեկի հանցագործությունները՝ անվանելով ինչ-որ իրադարձություններ։ Այստեղ նստած են մարդիկ, ովքեր կյանք են կորցրել, առողջություն են կորցրել։ Մի ամբողջ ժողովուրդ մարտի մեկ է հիշում։ Հանկարծ չփորձեք այլևս նման կերպ արտահայտվել, դատարանին հորդորում եմ, որ նկատողություն անի»։
Մեկ այլ տուժող էլ պաշտպանին անխիղճ անվանեց, մյուսն էլ հայտարարեց. «Ուրեմն թող հարգեն մարտի 1-ը և չփորձեն ինչ-որ այլ երևույթներ պատկերացնել, թե չէ իրենք էլ կհայտնվեն մեր օրին»։
Պաշտպանական կողմն արձանագրեց, որ իր հասցեին սպառնալիք է հնչել։ Սա վիճաբանության պատճառ դարձավ նիստի մասնակիցների միջև։ Այնուհետև տուժող կողմի ներկայացուցիչները փորձեցին այդ սպառնալիքը ներկայացնել որպես «լեզվական վրիպում»։
«Վերջացրեք, հարգելի կողմեր։ Դադարեցրեք վիճաբանությունը, դատարանը բոլորին հորդորում է պահպանել դատական կարգը, մի մոռացեք, որ գտնվում եք դատարանում»,-անընդհատ հորդորում էր դատավոր Դանիբեկյանը, սակայն լսող չեղավ։
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հորդորեց. «Հիմա հրապարակեք, թե ինչ է ասել»։
Դատավորն ասաց՝ հիմա հրապարակել հնարավոր չէ։ Մեղադրող դատախազները նշեցին՝ նիստը վերածվել է «ռազբորկաներ»-ի։
«Սա դատական նիստի կարգ չի»,-ասաց մեղադրող դատախազը։
Քոչարյանի փաստաբան Հովհաննես Խուդոյանն էլ նկատեց՝ եթե դատախազության համար նորմալ է այդ հայտարարությունը, ապա իրենք դա կդիտարկեն որպես դատախազության դիրքորոշում։
Վիճաբանությունը տարածվեց ապակուց այն կողմ՝ դահլիճում նստածների միջև, միմյանց հասցեին հնչեցին վիրավորական ու հայհոյախառն արտահայտություններ։
Հաշվի առնելով, որ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը պետք է մասնակցեր մեկ այլ դատական նիստին, այսօրվա նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 14-ին՝ ժամը 13։00-ին։
Հարակից հրապարակումներ`
- Սեյրան Օհանյանի փաստաբան. Ի՞նչ է ի հայտ եկել, որ «Յոթի գործով» տղաներին վերագրվող գործողությունները դուրս են մնացել հանցակազմի տարրից
- Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը ՄԻԵԴ կներկայացնի 12-րդ գանգատը
- Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը վճռաբեկ բողոք է ներկայացրել
- Փաստաբանական թիմ. Ռոբերտ Քոչարյանին վերաբերող կարևոր որոշման հրապարակումից առաջ իշխանությունը կրկին դիմում է ճնշումների
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան